Իսլանդիան կձգտի անակնկալ մատուցել Պորտուգալիային
Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանա երկու հանդիպում: Պայքարի մեջ կմտնեն F խմբի թիմերը: Առաջինը հարաբերությունները կպարզեն Ավստրիայի եւ Հունգարիայի հավաքականները: Դրանք խաղադաշտում կհանդիպեն 138-րդ անգամ: Ավստրիացիները նախկինում տոնել են 40 հաղթանակ, խփել 249 գոլ, իսկ հունգարացիներն իրենց ակտիվում ունեն 66 հաղթանակ եւ 294 գոլ: Հունգարիայի հավաքականի կազմում հայտավորված է առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը: Դա դարպասապահ Գաբոր Կիրային է, որը վերջերս նշել է իր 40-ամյակը: Եթե նա մասնակցի խաղին, ապա կգերազանցի գերմանացի Լոթար Մաթեուսի ռեկորդը, որը եվրոառաջնություններում հանդես է եկել 39 տարեկան հասակում: Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն Պորտուգալիայի եւ Իսլանդիայի հավաքականները: Սա երկու երկրների թվով երրորդ հանդիպումն է ֆուտբոլի խաղադաշտում: Նախորդ երկու խաղերում հաղթել են պորտուգալացիները: Իսլանդիան ընդհանրապես առաջին անգամ է հանդես գալիս նման խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում: Այն Եվրոպայի առաջնություններին մասնակցող ամենափոքր երկիրն է իր բնակչությամբ՝ մոտ 300 հազար մարդ: Իսլանդացի ֆուտբոլիստների հաղթանակն ընտրական փուլում արդեն մեծ անակնկալ է համարվում, առավել եւս, որ նրանք պայքարից դուրս են բերել եվրոների մշտական մասնակից Հոլանդիայի հավաքականին: Իսլանդիայի ընտրանին այսօր կձգտի անակնկալ մատուցել նաեւ Քրիշտիանու Ռոնալդուին ու նրա խաղընկերներին: