Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ՀՀԿ-ին թողնեին, Ընտրական օրենսգրքի ոչ մի դրույթ էլ չէր փոխի» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan

Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսն արդեն գոյություն ունի,-համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Այդ դեպքում ինչի՞ համար է Եվրամիությունը բանակցությունների մեջ մտել  ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության հետ. «ՀԱԿ-ն է խնդիրը բարձրացրել, կարծես թե ձեւաչափը նաեւ հետագայում կլինի 4+4+4»: Պարոն Սահակյանն ընդամենը խոսակցություններ է համարում այն տեղեկությունը, որ Եվրամիությունը ճնշում է իշխանություններին ՀԱԿ-ի հետ լեզու գտնելու համար. «Մենք անլուրջ որեւէ գործով չենք զբաղվում, առավելեւս ընտրական օրենսգրքի հետ կապված»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասում է, որ եթե Հանրապետականին թողնեին, ինքը Ընտրական օրենսգրքի ոչ մի դրույթ էլ չէր փոխի, նույնիսկ հավանական է դա. «Կարող են թքել ամեն ինչի վրա եւ ոչ մի փոփոխություն էլ չկատարեն»: Սակայն կոնսենսուսի կայացման դեպքում անգամ, ըստ պարոն Մանուկյանի, հնարավոր չէ ասել, որ 2017-ի խորհրդարանի ընտրությունները կլինեն լեգիտիմ. «Ուրիշի տեղը քվեարկելը, բազմաթիվ անգամ քվեարկելը, 10 փաստաթղթով քվեարկելը, դրանք կքչանան: Բայց դա չի նշանակում, որ իշխանությունները հանձնվելու են եւ թողնելու են արդար, մաքուր ընտրություններ լինի»: Կոնսենսուսի կայացումից հետո չի նշանակում նաեւ, թե ընդդիմությունը բավարարվելու է եւ օրենսգրքի քաղաքական հարցերին, մասնավորապես ռեյտինգային քվեարկությունը հանգիստ է թողնելու. «Ես չգիտեմ Հայաստանում քաղաքական ուժ, բացի Հանրապետականը, որ կողմ է տարածքներում ռեգիոնալ էդ իրականում մեծամասնական քվեարկությանը»: Ի դեպ, այսօր Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ վաղը հնարավոր է վերսկսվեն 4+4+4 ֆորմատով բանակցությունները իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Ենթադրաբար, բանակցությունները պետք է ավարտվեն առնվազն քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի կայացման մասին հայտարարությամբ: