Արտակարգ իրավիճակ «Զանգեր»-ում՝ ապրիլյան դեպքերի պատճառով (տեսանյութ)
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածի ավտոճանապարհը նպատակահարմար չէ խոշոր, կապիտալ հիմնանորոգման կամ վերակառուցման համար: Այսօր ԱԺ-ում հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը. «Ճանապարհի այդ հատվածը Հյուսիս- հարավի մի մասն է, այս պահին նպատակահարմար չէ խոշոր ներդրում կատարել: Որոշում է կայացվել փոսային նորոգումների միջոցով վերակառուցել ճանապարհը»: Փոխնախարարը նշեց, որ եթե չլինեին ապրիլյան դեպքերը, ապա այդ ճանապարհին արտակարգ ռեժիմ չէր գրանցվի. «Հիմնական խնդիրը այն էր, որ մենք ինչքան էլ հորդորում ենք ամառային անվադողերով չերթեւեկել՝ սառույցի վրա, բայց մեր քաղաքացիները ականջալուր չեն լինում մեր խորհուրդներին, անձամբ ես տեսել եմ, այդ օրերին խցանումների պատճառը այն էր, որ ավտոմեքենաները չէին կարողանում երթեւեկել»: Արթուր Առաքելյանը վստահեցրեց, որ այս պահին այդ ճանապարհով կարելի է երթեւեկել 90կմ/ժ արագությամբ. «Այս պահին փոքր ներդրում է կատարվել՝ մոտ 140 մլն դրամ եւ փոսային նորոգումները իրականացվել են»: