Գուրգեն Արսենյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի (տեսանյութ)
Միավորված աշխատանքային կուսակցությունը կտրականապես դեմ է Հարկային օրենսգրքի նմանատիպ փոփոխություններին, կտրականապես դեմ է Հայաստանի տնտեսվարող հատվածի նկատմամբ այսպիսի ոտնձգության։ Քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նա չի ընդունում օրենսգրքում առկա փոփոխությունները, քանի որ դրանք միտված չեն օժանդակելու տնտեսվարողին։ «Այս Հարկային օրենսգիրքը, հարկային նոր փիլիսոփայությունը Հովիկ Աբրահամյանի կառավարության որդեգրած նոր փիլիսոփայությո՞ւնն է։ Մինչ այդ ինչ հնչում էր կառավարության ղեկավարի անունից, խոսում էր այլ բանի մասին։ Խոսում էր այն մասին, որ Հայաստանում տնտեսվարման պայմանները պետք է հեշտացվեն, Հայաստանը պետք է դարձնել գրավիչ երկիր, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգտում ունենան այստեղ աշխատելու։ Հարգելի քաղաքական մեծամասնություն, այս քայլերով բերելու եք նոր արտագաղթի խթանման»,-դիմեց նա ՀՀԿ-ական պատգամավորներին։ Խոսելով հասարակության խնդիրներից՝ պարոն Արսենյանը շեշտեց. «Գերի՞ են ընկել այս մարդիկ հարկայինի պլանների կատարման ձեռքը։ Սա դիվերսիա է երկրի նկատմամբ։ 550.000 թոշակառու ու ընդամենը 600.000 աշխատող ունենք. դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա։ Այս ո՞ւր ենք գնացել, հասել։ Կրկնում եմ՝ համարում եմ դիվերսիա։ Իմ մտքերը պատրաստվում եմ շարադրել առանձնազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանին ու ապացուցել, որ սա դիվերսիա է ՀՀ նկատմամբ»։