Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Հասարակություն

Ուղիղ 60 օր շարունակ Մալաթիա-Սեբաստիա համայնքի այս այգին վերածվելու է բացօթյա արհեստանոցի, որտեղ այս քարերը վերածվելու են հայտնի հեքիաթների հերոսներին պատկերող քանդակների: Աշխատանքներն իրականացնելու են 12 քանդակագործներ, որոնք մասնակցում են այսօր մեկնարկած քանդակագործների 3-րդ սիմպոզիումին: Այս անգամ այն կրում է «Հեքիաթների եւ հրաշքների աշխարհ» խորագիրը:

Այսպիսի սիմպոզիումներ անցկացնելու ավանդույթ կար դեռեւս Խորհրդային Միության տարիներին: Այդ սիմպոզիումներից հետո բազմաթիվ քանդակներով հարստացան Իջեւան եւ Դիլիջան քաղաքները:

3 տարի առաջ Երեւանի ընդամենը մեկ համայնքի աշխատակազմի նախաձեռնությամբ վերսկասված սիմպոզիումներն այդ առումով նույնպես բացառություն չեն: Կարգի համաձայն սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակներն այնուհետեւ տեղադրվում են քաղաքի տարբեր զբոսայգիներում: Քանդակագործների սիմպոզիումի կազմակերպումը հետապնդում է մի քանի նպատակ: Արվեստագետները շփվում են միմյանց հետ, տեղի է ունենում փորձի փոխանակում , քանդակագործներին հնարավորություն է տրվում իրենց աշխատանքներով ներկայանալ հանրությանը:

Կա նաեւ դաստիարակչական նպատակ: Քանի որ աշխատանքներն անցկացվում են բացօթյա , յուրաքանչյուր ցանկացող կարող է հետեւել աշխատանքներին եւ նույնիսկ սովորել այդ արհեստը: «Եւ գալիս են , եւ հետեւում են ընթացքում: Երեխաներն են գալիս, նույնիսկ աշխատում են, մենք էլ օգնում ենք», - ասում է քանդակագործ Էմին Պետրոսյանը:

Ի դեպ, Էմին Պետրոսյանն անցյալ տարվա սիմպոզիումին արժանացել էր առաջին մրցանակի, նաեւ որպես ամենաերիտասարդ մասնակից: Այս տարի նմանատիպ մրցանակ ստանալու հնարավորություն նա այլեւս չունի, քանի որ այս տարի կան իրենից ավելի երիտասարդ մասնակիցներ: