Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերմանիայում Ալիեւի հայտարարության մեջ 6 բացահայտ կեղծիք կար»

Քաղաքականություն
Untitled1-1

Երբ մեղսակիցը ընդունում է  իր մեղքը, իսկ բուն հանցագործություն կատարողը ժխտում է, դա առնվազն դառնում է տարօրինակ: Այսպես մեկնաբանեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Բունթեսթագի Հայոց ցեղասպանության ընդունումը: Նա նշեց, որ հայկական կողմի բուն նպատակն է, որ հենց Թուրքիան ընդունի իր մեղքը: Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համաձայնագրի մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց, որ դրան կարելի է երկակի մոտենալ. «Իհարկե, մամուլում էլ կան վերլուծություններ, որտեղ նշում են եւ թերի, եւ դրական կողմերը: Այնպես որ, ամեն ինչ կախված է այդ ամենի իրագործումից»,-ասաց նա: Դիտարկմանը, թե այդ համաձայնագրով Հայաստանի օդային տարածքի անկախությունը վերանում է կամ զգալիորեն կրճատվում, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Կա երկրորդ կողմը՝ դա այն հնարավորությունն է, որ կարողանանք շատ մանրակրկիտ դիտարկել մեզ շրջապատող տարածքը: Այսինքն՝ մենք ինքներս, այդ հնարավորությունը, որ տալիս է Ռուսաստանի տեխնիկան, չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ դետալացված դիտարկել մեզ շրջապատող տարածքը, կարծում եմ՝ կարեւոր է»: Նրա խոսքով, նույնանման պայմանագրեր գործում են ՀԱՊԿ տարածքում: «ՀԱՊԿ-ն ռազմական առումով բաժանված է երեք գոտու՝ արեւմտյան գոտին, որտեղ գործում են Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերը, երկրորդը Կենտրոնական Ասիայի ուղղությունն է, որտեղ կրկին Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրներն են, եւ երրորդը մեր՝ Կովկասյան ուղղությունն է, որտեղ Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերն են: Այսինքն՝ դա ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդհանուր ծրագիր է»: Փոխնախարարը անդրադարձավ նաեւ Ադրբեջանի այն պնդմանը, թե հայկական կողմն է ապրիլյան պատերազմից հետո հրադադար խնդրել. «Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են: Նա նաեւ պնդում է տարածքային ամբողջականության սկզբունքի առաջնային լինելու մասին, այնինչ՝ ճիշտ հակառակն է: Նույնիսկ Գերմանիայում  Ալիեւի հայտարարության մեջ 6 բացահայտ կեղծիք կար»,- նշեց նա: Ըստ Քոչարյանի՝ բոլորը գիտեն, թե ով է անվերջ խախտում հրադադարը, եւ հնչող ոչ հասցեական հայտարարություններն անընդունելի են: Անդրադառնալով Արքեպիսկոպոս Աթեշյանի գրած նամակին՝ նա ասաց. «Ցավալի է, ես չէի էլ ուզենա մեկնաբանել, ուղղակի դա նաեւ նշում է այն մասին, որ Պոլսում հայությունը գտնվում է բավական ճնշված վիճակում»: