Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները բարձրաձայնում են Վլադիմիր Պուտինի առաջարկը (տեսանյութ)

Տնտեսություն
nairit1

«Մենք ունենք գործարարներ, եթե ուզեն, 6 ամսից «Նաիրիտը» կվերագործարկեն»,- նաիրիտցիները ԱԺ դիմաց ակցիա են անում՝ գործարանի վերագործարկման պահանջով։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի համակարգող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը՝ բողոքի ակցիան սկսել են Բաղրամյան 26-ի մոտից՝ իրազեկելու իրենց խնդիրների մասին. «Ենթադրում ենք, որ Սերժ Սարգսյանը կամ շատ հարցերից տեղյակ չէ, կամ միգուցե նրան թերի ձեւով է տեղ հասնում: Մենք բարձրաձայնեցինք մեր հիմնական հարցերի մասին՝ գործարանի վերագործարկում եւ տույժ-տուգանքների ստացում:Ես չեմ տեսել հանրապետության մասշտաբով որեւէ կոլեկտիվ, որ իրենց գործարանի համար այդպես պայքարի: Պայքարը հաստատ շարունակվելու է ու հաստատ մենք մեր նպատակին հասնելու ենք»: Նաիրիտցիներն այսօր բարձրաձայնել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ԵՏՄ երկրները պետք է մեկը մեկին օգնելով՝ յուրաքանչյուրն իր տնտեսությունը զարգացնի: Տարեսկզբին Էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Նաիրիտ»-ով հետաքրքրվող ռուսական ընկերություններ կան եւ միգուցե շուտով գնորդ լինի: Նաիրիտցիները հոգնել են՝ սպասելով այդ հայտարարության իրականացմանը: «Արդեն 3-4 կազմակերպություն եկել է, ու այդ մարդիկ արդեն գիտեն մոտավոր գումարը, գիտեն՝ ինչ են շահագործելու, գիտեն «Նաիրիտ»-ի հնարավորությունները, վատ ու լավ կողմերը, ուրեմն ինչո՞ւ վերջնական որոշումով հանդես չեն գալիս, ի՞նչն է խանգարում, որ մարդիկ կարողանան ներդրում անել»,- նշեց Կարինե Շահվերդյանն՝ ավելացնելով, որ իրենց ասել են՝ վերջնական պատասխանը կտան մինչեւ հունիսի 16-ը: Վաղը նաիրիտցիները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել նաեւ Կառավարության շենքի մոտ: