Հանքարդյունաբերությունը ՀՀ-ում կախման մեջ է մեկ խոշոր ընկերությունից (տեսանյութ)
Համաշխարհային բանկը կաջակցի մեր երկրին՝ հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը բարձրացնելու համար։ Այսօր բանկի ներկայացուցիչները ներկայացրին «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցը։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 մլն դոլար։ Դրանով ոլորտը եղել է արտահանումների և արտարժութային հոսքերի գծով առաջատարը։ Հայտնի է, որ հանքարդյունաբերական ընկերությունները մեծ թվով աշխատատեղեր են ապահովում։ 2014 թվականին մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվն ավելի քան 7000 է եղել։ «Զեկույցը պետք է հիմք հանդիսանա բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ հատկապես քաղհասարակության, տնտեսվարողների հետ մշակելու համատեղ ռազմավարություն»,-լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե բավականին մեծ թվով մարդիկ առողջական խնդիրներ են ձեռք բերել՝ հանքերի շահագործման հետևանքով, որոնք բնակավայրերին մոտ են։ Նրանց փոխհատուցում տալու մասին կառավարությունը մտածե՞լ է, նա նշեց. «Մենք խնդրին պետք է վերաբերվենք երեք տեսանկյունից՝ տնտեսական, բնապահպանական և սոցիալական։ Սոցիալականի մեջ հենց դա նկատի ունենք։ Իհարկե, լավագույն լուծումը կլիներ, եթե երկիրն ընդհանրապես չունենար հանքարդյունահանում, բայց արդյո՞ք դա ճիշտ լուծում է։ Արդյո՞ք սա չի նշանակի, որ այդ նույն բնակավայրերում չեն լինի աշխատատեղեր։ Այստեղ շատ կարևոր է բոլորի շահերի հավասարակշռումը»։ Ոչ վաղ անցյալում հաղորդագրություն էր տարածվել, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառք է տվել՝ 10 հանքավայրի լիցենզիա ստանալու համար։ Դա չի իրականացվել և այժմ գործը ՀՔԾ-ում է։ Արդյո՞ք դա արդարություն է ապահովում, այս հարցին պարոն Հարությունյանը հրաժարվեց պատասխանել. «Հարցը կոռեկտ չէ»,-ասաց նա։ «Հանքարդյունաբերությունը Հայաստանի համար օտարերկրյա ներդրումների հիմնական աղբյուրն է։ Սակայն կան մեծ մարտահրավերներ»,-իր հերթին նշեց Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հանդը։ Որո՞նք են հիմնական խնդիրները. «Այս պահին ոլորտը կախվածության մեջ է մեկ խոշոր ընկերությունից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Այս ընկերությունից բացի, մի քանի փոքր ընկերություններ կան, որոնք կարողանում են շահույթով աշխատել ոլորտում»։ Սակայն մենաշնորհի վերացման հարցում ՀԲ-ն չի կարող աջակցել մեր երկրին։