Փաստաբանի արտահայտությունները՝ վարույթի պատճառ
Փաստաբանների պալատն այսօր որոշում չի կայացրել փաստաբան Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար․ Ըստ այս վարույթի՝ Տիգրան Եգորյանը չի ենթարկվել նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, խոչընդոտել է նիստի բնականոն ընթացքը և անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ: Դատական սանկցիա կիրառելու որոշման մեջ նշված է, որ սանկցիան կիրառվել է Եգորյանի «էս կողմում լսվու՞մ ա, Դուք լսո՞ւմ եք մեզ, Դուք տեսնու՞մ եք մեզ», «ադեկվատ ընկալեք իրականությունը» եւ մի քանի այլ արտահայտությունների համար: Փաստաբանի խոսքերով՝ վարույթների միավորմամբ ավելի պարզ կդառնա, թե ինչու են հնչել նման արտահայտություններ։ Ինչպես "Ա1+"-ի հետ զրույցում նշեց փաստաբանը, միջնորդություն է ներկայացվել նույն փաստական հանգամանքներով հարուցված կարգապահական վարույթները միավորել մեկում։ Տիգրան Եգորյանի նկատմամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի դիմումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատում հարուցվել է 5 կարգապահական գործ: Բոլորն էլ վերաբերում են ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին։ Խորհուրդը հեռացել է որոշում կայացնելու, սակայն որոշման հրապարակման օր չի նշվել։