Հակակարկտային կայանների գործը հասել է դատարան (տեսանյութ)
Հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքների իրականացման ընթացքում պետական բյուջեից խոշոր չափերի գույք հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի տնօրեն Գագիկ Ղալումյանին եւ Գեւորգ Գրիգորյանին: Դատարանում այսօր ցուցմունքներ տվեցին հիմնադրամի հսկիչներ՝ Աշոտ Գեւորգյանը, Ժորա Հարությունյանը եւ Վերահսկիչ պալատի աշխատակիցը: Աշոտ Գեւորգյանի նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ կային եւ դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Նախկինում նա նշել էր, որ օգտագործված նյութերը չէին համապատասխանում նախագծին եւ աշխատանքները թերի են կատարվել: Մինչդեռ, այսօր դատարանում հայտնեց, որ նախատեսվածից ավելի աշխատանք է կատարվել: «Ցանկապատի վերեւի մասում պետք է դրվեր կատանկա, դա չի դրվել տեղադրվել է փշալար»,- նշեց Աշոտ Գեւորգյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ փշալարը ավելի թանկ է. Տուժողի ներկայացուցիչ, գյուղնախարարության իրավաբանը նշում է՝ փաստացի հակակարկտային կայանները կառուցվել են, շահագործվում են: «Իսկ վնաս պատճառելու հանգամանքը միայն դատարանի վճռով կարող է ապացուցվել: Սակայն փաստացի վնասը փոխհատուցվել է: Որքան հիշում եմ, մոտ 10 մլն դրամի կարգի է»,- ավելացրեց Գուրգեն Ավագյանը: Ի դեպ, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալները առարկեցին նկարահանման դեմ՝ նշելով, որ չեն վստահում լրագրողներին: Դատավոր Արշակ Վարդանյանը առաջարկեց այնպես նկարահանել, որ նրանք կադրում չերեւան: