«Ցանկացած խաղալիք պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն» (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված իրազեկման հանդիպումը ոչ պարենային ապրանքներ՝ խաղալիքներ, ԱԳԼՃԿ, բենզին և ավտոյուղեր արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարողների հետ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը ներկայացրեց տվյալ ոլորտներին առնչվող օրենսդրական դաշտի վերջին փոփոխությունները: «Խաղալիքների վրա օրինակ բերեմ՝ նախկինում կար խաղալիքներ ներմուծող խոշոր կամ մասնագիտացված խանութներ, որոնք զբաղվում էին խաղալիքների վաճառքով, նրանք ունեին իրենց տեխնիկական օրակարգը , ըստ որի իրականացնում էին համապատասխան մակնշում և սերտիֆիկացում։ Նախկինում խաղալիքների վրա չէր նշվում արտադրման ամսաթիվը , իսկ այժմ նշվում է այդ արտադրման ամսաթիվը: Կա Մաքսային Միության նշան, որը հավաստում է, որ տվյալ խաղալիքը համապատասխանում է ՄՄ ողջ տարածքում գործող խաղալիքների անվտանգ լինելու մասին պահանջին»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Լևոն Խալիկյանը։ Վերջինիս խոսքերով՝ սերտիֆիկատի առկայությունը կվկայի այն մասին, որ տվյալ խաղալիքն անվտանգ է, իսկ սերտիֆիկատի բացակայության դեպքում՝ որևէ մեկը չի կարող ասել, թե այն համապատասխանում է արդյոք անվտանգության չափանիշներին, թե՞ ոչ։ Լևոն Խալիկյանը նաև նշեց, որ իրականացվել են ստուգումներ, որի արդյունքում հայտնաբերվել են բավականին խախտումներ։ «Եղել են նաև առանձին դեպքեր, երբ խաղալիքների մի ամբողջ խմբաքանակ ոչնչացվել է՝ այդ նկատառումներից ելնելով»,-ասաց պարոն Խալիկյանը և հավելեց. «Խաղալիքի վաճառք իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է գնորդին ցույց տալ համապատասխան սերտիֆիկատը, իսկ այդ սերտիֆիկատի վրա, թե ռուսերեն, թե հայերեն մակնշումով պետք է զետեղված լինի, թե ում կողմից է արտադրվել այդ խաղալիքը և որքան է դրա պիտանելիության ժամկետը. «Ցանկացած խաղալիք պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն, որից հետո նոր միայն ստանա սերտիֆիկատ»,-շեշտեց բանախոսը։