«Սամվել Բաբայանի ազգանվեր կեցվածքը խիստ կասկածելի է»
«Ցանկացած վերադարձ նպատակահարմար կլիներ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս վերադարձը ես կապում եմ ուղիղ նախընտրական գործընթացի հետ»,- մեկնաբանելով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ Քաղաքական գործչի համար այստեղ մի քանի գործոն ակնհայտ է. «Մարդիկ, որոնք դաշտում չեն երևացել, չեն խոսել, գերադասել են չմասնակցել Հայաստանի քաղաքական, տնտեսական, նաև՝ պաշտպանական հիմնախնդիրներին, ընտրություններից առաջ հանդես են գալիս, այսպես կոչված, ազգանվեր կեցվածքով։ Բայց այդ ազգանվեր կեցվածքն ինձ համար խիստ կասկածելի է, քանի որ բացի քաղաքական գործառույթներից, բազմաթիվ այլ գործառույթներ կան, որտեղ նախկին քաղաքական գործիչը, լինի նա թոշակառու, վտարանդի, կարող է մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Որևէ նման բան ես չեմ նկատել, դրա համար խորապես տարակուսում եմ»։ Հարցին՝ Սամվել Բաբայանի վերադարձը կոնկրետ անձի կամ ուժի դրդմա՞մբ է եղել, տիկին Սեդրակյանը նշեց. «Կարծում եմ՝ սա տարբեր իշխանական բլոկներ ձևավորելու փորձ է Հայաստանում և ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական։ Կապ չունի՝ Հայաստանում, թե Արցախում է նա պաշտոնի ձգտում, քանի որ երկու տեղերում էլ ընտրություններ են սպասվում և երկուստեք էլ կան հավակնություններ։ Բայց կեղծ հերոսականացում թե Հայաստանում, թե Արցախում չպետք է աշխատի։ Կարծում եմ՝ հերոսականությունը էպիզոդիկ գործառույթ չէ, այլ պետության մեջ ապրելու և պետությամբ ապրելու գործառույթ է»։