Գերմանիային ճնշող մեխանիզմներ են պետք
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմամբ հայ ժողովուրդը էյֆորիայի մեջ չպետք է ընկնի. համոզված է Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքերով՝ Գերմանիան այն պետությունը չէր, որ ուներ ընդգծված հայանպաստ դիրքորոշում, եւ բանաձեւի ընդունումը անակնկալ էր մեզ համար: «Իրավական տեսանկյունից չափազանց կարևոր է այն, որ գերմանական խորհրդարանը այն որակեց Ցեղասպանություն: Չափազանց կարեւոր է նաեւ փաստի ճանաչումը եւ որակումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վլադիմիր Վարդանյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, որ ավելի վաղ հավանական չէր համարում Բուդեսթագի ճանաչումը, այսօր նշում է, որ բարոյական հաղթանակներով չպետք է ոգեւորվել: Նա հիշեցնում է, որ Գերմանիան եվրոպական այն պետություններից է, որը հանցակից է Թուրքիայի հետ։ Սակայն հիմա հարաբերությունները բարդ փուլում են գտնվում, եւ Եվրոպային անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ: Այնուամենայնիվ, թուրքագետը Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում անկյունաքարային է համարում փաստը: Նա պատմությունն է հիշում՝ Գերմանիան ապաստան է տվել Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին եւ մյուսներին, հանցակից է Թուրքիայի հետ: Ռուբեն Մելքոնյանը կոչ է անում հեռու մնալ բարոյական հաղթանակների սինդրոմից եւ կարեւոր համարում հաջորդ քայլը. «Ճանաչումը կանաչ ճանապարհ է տալիս: Գերմանիայի արխիվներում շատ կարեւոր փաստաթղթեր կան, ժամանակն է դրանք հանել որպես Հայոց ցեղասպանության փաստագրական հենքն ավելի ամրագրելու միջոց»: Թուրքագետը միաժամանակ կարեւոր է համարում այն փաստը, որ 11 թուրք պատգամավորներ բանաձեւին կողմ են քվեարկել եւ այսօր Թուրքիայում նրանց նկատմամբ հետապնդումներ են սկսվել: