Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստուհիները հաջող հանդես եկան 7-րդ տուրում

Սպորտ
gAGOOO

Ռումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստուհիները հաջող հանդես եկան այս փուլում: Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար շոտլանդացի Կեթեւան Արախամիա-Գրանտի եւ լիտվացի Դեյմանտե Դաուլիտեի հետ: Իսկ ահա միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթեցին իրենց մրցակիցներին՝ մասնավորապես ռումինացի Միխաելա Սանդուին եւ վրացուհի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Մկրտչյանը յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ տեղը: Վաղը կայանալիք 8-րդ տուրում մեր հավաքականի 2-րդ համարը սպիտակներով կմրցի ռումինուհի Քրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ: Մարիա Կորսովան կես միավոր քիչ ունի եւ առայժմ ընթանում է 19-րդ հորիզոնականում: Նրա հաջորդ մրցակիցը վրացուհի Մերի Արաբիձեն է: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը 3,5-ական միավորով բաժանում են 70-71-րդ տեղերը: Առաջինին բավականին լուրջ մրցակից է բաժին հասել՝ հանձինս ռուսաստանցի գրոսմայստեր Օլգա Գիրյայի, իսկ Հայաստանի այս տարվա չեմպիոնը ուժերը կչափի ռումինուհի Ելենա-Լումինիցա Կոսմայի հետ: