Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաներն իրենց առողջության համար մեկնում են Եվրոպա, իսկ զինվո՞րը (տեսանյութ)

Հասարակություն
baxshyan

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանն այսօր շարժում է մեկ ձեռքը, մյուսը դեռ չի զգում: Նա ստացել էր ողնուղեղի հրազենային վնասվածք, չի կարողանում վերջույթները շարժել: Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, հույս ունի, որ Գերմանիայում բուժում ստանալով՝ նրա որդին ավելի մեծ ձեռքբերումներ կունենա. «Տղաս էլ հույսով լցվել, իր վրա աշխատում է և մեծ հույս ունի, որ կառողջանա»,- ասաց տիկին Անահիտը՝ հավելելով, որ շուտով Ռուբենին տեղափոխելու են Գերմանիա: Ասուլիսին ներկա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ Ռուբենի նման ծայրահեղ ծանր վիճակում ևս երկու զինծառայող կա Կենտրոնական զինվորական հոսպիտալում. «Այդ երեխաներից մեկի վիճակը նույնիսկ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի վիճակից էլ ծանր է, սակայն չեմ հասկանում՝ ինչու նրանց մասին չեն բարձրաձայնում: Յուրաքանչյուր պաշտոնյա իր առողջական խնդիրները լուծելու համար միանշանակ Եվրոպա է մեկնում, մինչդեռ զինվորների հարցում, չգիտես ինչու, պետությունը հապաղում է»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ եթե Արման Լազգիյանի դեպքում ՊՆ-ն դրամական միջոցներ չի տրամադրել, ապա Ռուբեն Առաքելյանի դեպքում իր արտաբյուջետային միջոցներից 43 հազար եվրո է հատկացրել: Անահիտ Բախշյանը տեղեկացրեց նաեւ, որ Ռուբենի՝ արտասահմանյան հոսպիտալում բուժվելու նախնական վճարները կատարվել են, ավիատոմսերն արդեն իսկ պատվիրվել են, հիմա սպասում ենք ընթացիկ գործողություններին: «Ա1+»-ի հարցին՝ արդյոք չե՞ն վստահում նրանք հայ մասնագետներին, որոնք ասում են, թե տղաներին հնարավոր է բուժել նաեւ Հայաստանում, տիկին Բախշյանը ասաց. «Դե Արմանի օրինակը մեր աչքի առաջ է: Այստեղ նա ինքնուրույն չէր ուտում, ասում էին կերակրափողը վնասված է: Նրա Գերմանիա մեկնելու առաջին իսկ օրից թույլատրել են ինքնուրույն ուտել: Այս ամենը տեսնում են նաեւ Ռուբենի ծնողները, ինչպե՞ս չփորձեն, նրանք էլ են ուզում փորձել»,- նշեց տիկին Բախշյանը ու հավելեց, որ հանձնաժողովը պետք է ոչ թե ինքնուրույն որոշումներ կայացնի, այլ լսի ծնողներին: