Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահանջը կա, մնում է տախտակամածը ապամոնտաժել»

Հասարակություն
paplavok-1

Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են  Երևանի  «Լունապարկ»-ի  տարածքում  ծառի տակի կանաչ մասը  տախտակապատում: Դեպքի վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե  ձեռնարկատիրոջ  կողմից   այգու  կանաչ  հատվածը տախտակամածի տակ  առնելու  նախաձեռնությունը ինչ իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով  է  թույլատրվել, ում  կողմից,   ինչու չի կանխվել: Քաղաքապետը պատասխան նամակով տեղեկացրեց, որ տախտակապատումն իրականացնող ընկերությունը նախագիծը համաձայնեցրել է Երևանի քաղաքապետարանի հետ: Անահիտ Բախշյանը նամակով կրկին դիմեց քաղաքապետին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «02.06.2016թ. հ.01105-29525հ թվակիր  Ձեր նամակում գրել եք, որ «Օղակաձև զբոսայգու» «Առագաստ»  սրճարանի հարակից տարածքում խնդրո առարկա տարածքի  հողածածկույթը փայտյա տախտակամածով փոխարինելու որոշումը փաստորեն  տրվել է Ձեր թուլտվությամբ, որը հակասում է  Երևանի ավագանու  18.11.2009թ. հ 36-Ն  որոշմանը, որտեղ հստակ գրված է, որ կանաչ տարածքներում քաղաքաշինական և ձեռնարկատիրական գործունեությունը  պետք է համապատասխանի դրանց պահպանման պահանջներին, այլ ոչ՝  դրանց վերացնելուն: Այս դեպքում  ճիշտ հակառակն է տեղի ունեցել,  ու դրա  պատասխանատուն Դուք եք, որովհետև Դուք եք տվել թույլտվությունը: Չգիտեմ՝ ինչի հիման վրա եք սալարկված ու տոփանված գրունտի փոխարեն  նախընտրելի համարում տախտակամածը, երբ թե՛ մեկը, թե՛ մյուսը  հակասում է  Երևանի ավագանու որոշմանը: Այդ տարածքը պետք է կանաչ  տարածքի վերածել այնպես, ինչպես  պահանջում է ավագանու վերոնշյալ որոշումը՝  Երևանի  կանաչ  տարածքների  ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման: Ձեր նամակում  տեղեկացրել եք, որ առաջին իսկ պահանջի դեպքում հնարավոր կլինի առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու՝ այն ապամոնտաժել: Այս թեմայով իմ նամակների հիմքում ընկած է  սոցցանցերում  տարածված՝  երևանցիների պահանջն ու տեղադրած նկարները: Ըստ Երևանի ավագանու  30.04.2014թ. հ 154-Ն որոշման, որով սահմանված է Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը  բնակիչների մասնակցության կարգը, 1-ին հոդվածի  4-րդ կետի համաձայն՝   բնակիչների մասնակցության սկզբունքներն են՝  բնակիչների ակտիվությունը, օպերատիվությունը և արագ   արձագանքումը: Ուրեմն բնակիչների պահանջն առկա է, մնում է տախտակամածը ապամոնտաժել, որին բնակիչները պատրաստ  են  օպերատիվ արձագանքել   ու  ակտիվորեն մասնակցել»: aragast