Անկախ հանձնաժողովի որոշումը վիճարկվում է դատարանում (տեսանյութ)
Դատապարտյալն ընդդեմ վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Լեւոն Մխիթարյանի եւ նրա պաշտպանի բողոքը։ Հանձնաժողովը մերժել է դատապարտյալին՝ պատժից վաղաժամկետ ազատ արձակվելու համար: Դատական նիստը կարճ տեւեց, քանի որ դատախազը ժամանակ խնդրեց անձնական գործին ծանոթանալու համար: «Ես արդար դատաքննության խախտում եմ տեսնում գործի նկատմամբ: Դատապարտյալը անհամբեր սպասում է` երբ պետք է ժամանակը գա, որ որոշվի ինքն ազատ է արձակվում, թե՝ ոչ : Եւ դատախազների պատճառով անընդհատ դատական նիստերը հետաձգվում են»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Լեւոն Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու համար եւ դատապարտվել է 2 ու կես տարվա ազատազրկման: Իր պատիժն արդեն մեկ ու կես տարի է` կրում է: «Բոլոր հիմքերը կան վաղաժամկետ ազատ արձակելու: Անձը ունի դրական բնութագիր, տույժ տուգանքի չի ենթարկվել, չունի քաղաքացիական հայց, պետք է կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակում, որը անկախ հանձնաժողովի կողմից մերժված է»,- ավելացրեց Լեւոն Մխիթարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դատական նիստը կշարունակվի հունիսի 15-ին: