Ավիատոմսերի թանկության պատճառը (տեսանյութ)
«Ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում հանգամանքը, որ Հայաստանը կարիք ունի սեփական ավիափոխադրողի, մանավանդ՝ Հայաստանի պես լիմիտավորված, այսպես ասած՝ բարյացակամ հարևաններով շրջապատված երկիրը»,- կարծում է «Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը։ Նա Հայաստանի վիճակը համեմատում է եվրոպական երկրների, մասնավորապես Լիտվայի հետ. «Այդ երկիրն ունի 19 ավիաընկերություն, չնայած որ ունի ծովային ճանապարհ, և ավտոճանապարհ, և երկաթուղի՝ չունենալով ագրեսիվ հարևաններ։ Մենք դատապարտված ենք ազգային ավիափոխադրող ունենալու»։ Ըստ նրա՝ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում. «Այո, մենք ունենք օդային պետական օրենսգրքի կարիք, բայց դա սեփական ավիաընկերություն ունենալու բալասանը չի հանդիսանում։ Մենք կարիք ունենք պետական մոտեցման՝ այդ ավիաընկերությունները ունենալու»։ Պարոն Ճաղարյանը մեկնաբանեց նաև Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, թե Զվարթնոց օդանավակայանի գները ամենաէժանն են տարածաշրջանում. «Ես չեմ ուզում մեղադրել նրան, որովհետև նախարարը չպիտի դառնա ավիացիոն մենեջեր, նա պետք է հանձնարարի և հանձնարարությունը պետք է կատարվի։ Արծվիկ Մինասյանի հանձնարարությունը իր տեղակալները վատ են կատարել»։ Նա, որպես ավիատոմսերի բարձր գների առաջին պատճառ բերեց վառելիքի բարձր գները՝ որպես ապացույց ներկայացնելով տվյալներ. «Երևանում նավթի 1 տոննայի արժեքը 732 դոլար է, այն դեպքում, երբ Թբիլիսիում 576 է, Բաքվում՝ 516»։ Պարոն Ճաղարյանի տվյալներով՝ Թբիլիսիից Փարիզ թռչող օդանավն ավելի քիչ ծախս է պահանջում, քան Երևանից նույն ուղղությամբ ընթացողը, ինչն էլ բարձր գների պատճառ է. «Թբիլիսիի օդանավակայանում այդ արժեքը կազմում է 15135 դոլար, իսկ Երևանի օդանավակայանում՝ 18807 դոլար։ Չհաշված ամեն ուղևորի համար գանձվող 10000 դրամը, որն ընդհանուր ծախսն ավելացնում է ևս 3000 դոլարով»։ Նշված տվյալը հաշվարկված է միջին կարգի Աէրոբուս 320 օդանավի համար։ Ստացվում է, որ Հայաստանից Փարիզ թռչող 150 հոգանոց օդանավը 6000 դոլարով ավելի շատ է ծախսեր անում, քան Թբիլիսիից։ Հակոբ Ճաղարյանի գնահատմամբ՝ հենց սրանով պայմանավորված հանգամանքը, որ հայաստանցիները հաճախ նախընտրում են Թբիլիսիի օդանավակայանից թռիչքներ կատարել։