Օգնություն՝ նաև սահման մեկնած կամավորների ընտանիքներին
Գործադիրն այսօր որոշեց սոցիալական օգնություն սահմանել ապրիլյան պատերազմի օրերին սահման մեկնած կամավորների ընտանիքներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված միայն պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների ու հաշմանդամ դարձած անձանց համար. «Կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ուստի, որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1-ից հետո սահմանին ստացած վնասվածքներից հաշմանդամ դարձած անձանց, իսկ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է զինծառայողի համար սահմանված կարգով»: Նախարարը նշեց նաեւ այս պահին սոցիալական աջակցության գումարները. «Պաշտպանության ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվում է՝ ապահովագրական գումար (միանվագ)՝ 2 մլն դրամ, հուղարկավորության ծախսերի փոխհատուցում (միանվագ)՝ 700 հազար դրամ, գերեզմանների բարեկարգման համար (միանվագ)՝ 1 մլն 400 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (սպայական անձնակազմի զինծառայողների համար՝ միջինը 43 հազար դրամ, ենթասպայական կազմի զինծառայողների համար՝ միջինը 35 հազար, շարքային կազմի զինծառայողների (պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝ 24 հազար դրամ: