Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը մատնանշել է մենաշնորհային համարվող շուկաները

Տնտեսություն
hovik

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մասին: Նա հիշեցրեց, որ այսօր լրանում է երեք շաբաթը, ինչ նա հանձնարարել էր էկոնոմիկայի նախարարությանն ու ՏՄՊՊ հանձնաժողովին  ուսումնասիրել մենաշնորհային համարվող շուկաները: Վարչապետը հայտարարեց, որ  քննարկումների արդյունքում եզրակացրել են, թե որոշ ապրանքների շուկան ֆորմալ առումով մենաշնորհային չէ, բայց  հանրության կողմից ընկալվում է որպես մենաշնորհային։ Այդ  շուկաներն են ՝շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային  վառելիքի շուկաները։ Վարչապետը միեւնույն ժամանակ չհերքեց. «Տվյալ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է մրցակցության խաթարման, ՓՄՁ-ներին շուկայից դուրս մղման, նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շուկաների ոտնահարման, կոռուպցիայի, գների անհիմն տատանումների եւ համախառն տնտեսական վնասի առաջացման»: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջին հերթին կսկսեն վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից, բայց դրանցով չեն սահմանափակվելու: «Հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցները երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին: Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների: Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն և մեխանիզմներ: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով հանձնարարում եմ Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում- մեծածախ վաճառք- մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով: Հանձնարարում եմ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին` համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաև զանազան լաբորատորիաներից և ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դնում են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա»,- եզրափակեց վարչապետը: