Ցեղասպանության հարցը հայտնվել է քաղաքական առեւտրի մեջ (տեսանյութ)
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ քիչ հավանական է, որ բանաձեւը կընդունվի: «Բունդեսթագում կա մոտ 630 խորհրդական, ինչը բարդացնում է բանաձեւի քննարկումը: Բացի այդ, ակնհայտ է, որ ռեալ քաղաքական շահերը գերակայում են բարոյականության նկատմամբ»: Թուրքագետի կարծիքով՝ բանաձեւի ընդունմանը կարող է խոչընդոտել նաեւ այն, որ Գերմանիայում կա շատ հզոր թուրքական համայնք, որոնցից շատ-շատերը Գերմանիայի քաղաքացիներ են՝ ընդգրկված տարբեր ոլորտներում: «Թուրք- գերմանական հարաբերություններն ունեն խորքային բնույթ, եւ այս հարցը կարող է վատթարացնել այդ հարաբերությունները»,-ասաց նա՝ միեւնույն ժամանակ փաստելով, որ Հայոց ցեղասպանության հարցը հայտնվել է քաղաքական առեւտրի մեջ: «Այսօր Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների օրակարգում փախստականների խնդիրն է, որի համատեքստում Թուրքիայի պահանջները մեծանում են: Չի բացառվում, որ այս բանաձեւը ԵՄ-ի կողմից մեսիջ լինի Թուրքիային՝ նրա նկրտումները զսպելու տեսանկյունից»: