Թուլանում է նկարիչների շենքի հիմքը
Խմբագրություն են դիմել Հր. Քոչար 13շ. հասցեում գտնվող ՀՀ Նկարիչների Միության թիվ 1 կոոպերատիվ արվեստանոցների բնակիչները:
Հր. Քոչար 13 և 15 շենքերի կողքով անցնում է վթարային վիճակում գտնվող Գր. Արծրունի 28 շենքը սնող ջրագիծը:
Ներկայացվող լուսանկարներից կարող եք պատկերացում կազմել, թե ինչ է իրենից ներկայացնում նշված ջրագծի այդ հատվածը: Ժանգոտ խողովակներից և չաշխատող փականներից խմելու ջուրը անընդհատ լցվում է Հր. Քոչար 13 շենքի հիմքը՝ թուլացնելով այն:
Խողովակների բացված անցքերը փակվել են փայտի կտորներով (չիվի), որը իհարկե հարցի լուծում չէ և չի կարող կանգնեցնել խմելու ջրի արտահոսքը:
Այս հարցով սկսած 2015թվականից բնակիչները դիմել են «Երևան Ջուր» ընկերությանը՝ խնդրանքով վերացնել ջրի արտահոսքը և փոխել տվյալ հանգույցի խողովակները իրենց փականներով:
Պատասխանել են, որ ջրագծի տվյալ հատվածը գտնվում է համատիրության սպասարկման տարածքում: Մեկ այլ գրությամբ (արդեն համատիրության հետ համատեղ) տեղեկացրել են, որ ջրագծի տվյալ հատվածը գտնվում է մինչև ընդհանուր ջրաչափը: Երկրորդ պատասխան գրությունով բացատրել են, որ համատիրության սպասարկման տարածքը սկսվում է ջրագծերի միացման՝ սահմանազատման կետից: Իսկ ջուրն անընդհատ հոսում է…
Բնակիչները դիմում են ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին. «ՀԾԿՀ կայքից տեղեկացանք, որ համաձայն Կանոններ. կետ 17-ի «…մինչև ջրաչափ հասնող ջրագծերի շահագործումն ու սպասարկումն իրականացվում է ջրամատակարարի կողմից ….»: Ենթադրում ենք ջրամատակարարը «Երևան Ջուր» ընկերությունն է:
Հարգելի պարոն Նազարյան,
Ճիշտ է, ջրագիծը Հր. Քոչար 13 շենքինը չէ, բաց ջուրը լցվում է բազմահարկ շենքի տակ: Ահա թե ինչու ենք մենք անհանգստացած: Խնդրում ենք Ձեր միջամտությունը տվյալ հարցի վերջնական լուծման համար:
Հուսով ենք, այս գրությունը վերջինը կլինի խմելու ջրի հոսքը կանգնեցնելու և ջրագիծը վերանորոգելու խնդրանքով»:
Կից ներկայացված են գրությունների պատճեները և ջրագծի լուսանկարները:
Մեկ այլ պատասխան