Արման Փաշիկյանը հաղթեց եւ հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին
Կոսովոյում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Այսօր տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Արման Փաշիկյանը, որը սեւերով հաղթեց Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Իպատովին: Նա վաստակեց 6,5 միավոր եւ հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին, որը ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ մրցամարտում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Մերոնցից հենց նրանք կպայքարեն մեդալների համար, քանի որ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր, իսկ մեր մնացած շախմատիստներն արդեն 2 եւ ավելի միավորով ետ են մնում առաջատարից՝ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւից: Մրցանակային տեղ գրավելու համար Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին երկու տուրերում պետք է ռիսկի դիմեն եւ խաղան միմիայն հաղթանակի համար, քանի որ դրանց հավակնում են եւս 11 շախմատիստներ, որոնք, միանշանակ, կօգտվեն իրենց մրցակիցների յուրաքանչյուր սայթաքումից: