Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող է Սերժն ուզում է մեզ հետ հետմահու զրուցի» (տեսանյութ)

Քաղաքականություն
arvestagetner-nkar

Երաժիշտ Արտավազդ Բայաթյանի համար Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ոչ մի նորություն չի հնչել. «Բանակցությունները գաղտնի ձևաչափով են ընթանում, և ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Ուղիղ ժողովրդին դիմելն ավելի ճիշտ կլիներ։ Իսկ ապրիլյան պատերազմի օրերին լռություն էր տիրում»,-ասաց նա։ Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ իր խոսքը սկսեց անեկդոտով. «Մի մարդ Ոսկե ձկնիկ է բռնում, ձուկն ասում է՝ ի՞նչ ես ուզում. փո՞ղ, նա ասում է՝ ունեմ, տնե՞ր. ունեմ, կանա՞յք. ունեմ։ Ասում է՝ դե ասա, ի՞նչ ես ուզում։ Այդ մարդն էլ ասում է՝ մի բան չունեմ, պատերազմի հերոս չեմ, շքանշան չունեմ։ Ձուկն ասում է՝ կանեմ։ Տանկեր են գալիս. այս մարդը խփում է նռնակով, էլի է տանկ գալիս, էլի է խփում, նորից է տանկը վրան գալիս։ Վերջին վայրկյանին մարդը գլխի է ընկնում, ասում է՝ վայ, ես քո հերն եմ անիծել, հետմահու էիր տալու..։ Հիմա կարող է Սերժն ուզում է  մեզ հետ հետմահու զրուցի։ Ոչ մի անգամ ես չտեսա կոնկրետ զրույց ժողովրդի հետ։ Հայտնի պատմություն կա. մեկը ոչխարն արածացնում է, ասում է՝ գայլերը վրա հասան։ Ժողովուրդը գալիս է, որ օգնի, տեսնում է՝ ստել է։ Երկրորդ անգամ նույնը, իսկ երրորդ անգամ իսկապես գայլերը գալիս են, բայց ոչ ոք չի գալիս, որովհետև էլ չեն հավատում»։ Եվ այս իրավիճակում հակառակորդին թերագնահատելը նա սխալ է համարում. «Ասել. սրանք ով են, ինչ են, դե, ոչխար են և այլն, դա ճիշտ չէ։ Պետք է արժանապատվությամբ մոտենալ հակառակորդին, լուրջ ընդունել նրան»,-նշեց նա։ Իշխանավորների քաղաքականությունն արվեստագետի համար անընդունելի է. «Երեկ լսում էի վարչապետին. ասում  է՝ պետք է օպտիմալացնենք։ Այ մարդ, ի՞նչն եք օպտիմալացնում։ Հայաստանի հարուստներ, կամ վերցրեք ձեր փողերը, գնացեք այստեղից, կամ այդ փողից տվեք, զինեք բանակը»։ Արտավազդ Բայաթյանն իր հերթին շեշտեց. «Ունեցել ենք երեք ղեկավար, և ոչ ոքից էլ չիմացանք, թե որտեղից եկավ, ինչ արեց։ Ուրիշ երկրներում գիրք են գրում մարդիկ այդ մասին, իսկ այստեղ ոչինչ չենք հասկանում»։ Նիկոլայ Ծատուրյանն էլ կարծում է, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի աջակցությամբ է եղել. «Ռուսաստանին պետք էր այս պատերազմը։ Մեծ պետություններն ունեն իրենց նպատակները։ Մենք հիմա անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանն է սկսել պատերազմը, բայց դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ինչպես փողոցում, երբ երկու երեխա կռվում են, մեծը մոտենում է, էլ չի հարցնում՝ ո՞վ է սկսել, ո՞վ է մեղավոր։ Ամեն մեկին մի թաթալոշ տալիս ու ասում է՝ դե, ռադներդ քաշե՛ք»։