«Առաջնագիծ մեկնած կամավորներից շատերը չեն ծառայել». Ջհանգիրյան (տեսանյութ)
ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ մեկնած կամավորների վերաբերյալ. «Ապրիլյան պատերազմից հետո բազում կամավորականներ ունենք առաջնագծում, որոնցից շատերը նույնիսկ չեն ծառայում, ստացել են մարտական զենք եւ հերթապահության մեջ են ներգրավված, սակայն չունեն կարգավիճակ: Ոչ ոք չի կարող ասել, թե այս խնդիրը ինչքան կտեւի, չե՞ք կարծում, որ օրենքում համապատասխան դրույթ պետք է ավելացվի այս կապակցությամբ, որպեսզի՝ Աստված չանի, վատ դեպքեր լինեն, կարողանան պատասխանատվության ենթարկել նրանց»: Հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Մենք բոլորս շատ բարձր ենք գնահատում կամավորների քայլը: Բոլորի նկատմամբ շատ ուշադիր ենք: Փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները, խախտումները քիչ են լինում: Ձեր ասածի հետ կապված՝ քննարկումներ արել ենք: Արցախյան հատվածից մասնակի եւ հիմնական զորահավաքի ընթացքում մասնակից ամբողջ ռեսուրսն օգտվում է զինծառայողների բոլոր իրավունքներից եւ արտոնություններից: Հայաստանյան հատվածի կամավորականների հարցը քննարկվում է իրավական ոլորտում, բայց ես գտնում եմ, որ կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում առանձին, եւ կան խնդիրներ, որոնք զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով՝ հրապարակային չեն»: