Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Զաքարյանը հույս ունի, որ Բունդեսթագից դրական լուր կլինի

Քաղաքականություն
photo

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ գնահատելի է այն հանգամանքը, որ տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից հարցի առնչությամբ ցուցաբերվել է հավասարակշռված դիրքորոշում: Ընդգծվել է նաեւ այն հանգամանքը, որ Գերմանիան մշտապես իր աջակցությունն է հայտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Արտակ Զաքարյանը նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման համար, եւ որ գերմանական նախագահությունը ԵԱՀԿ-ում այդ առումով անելիքներ ունի: Ադրբեջանը պետք է հասցեական գնահատականներ ստանա՝ որպես ապակառուցողական եւ ագրեսիվ գործողությունների հեղինակ: Հարցի կապակցությամբ խիստ կարեւորվել է նաեւ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիթորինգի վերսկսումը: ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ջանքերը եւ նշել, որ խիստ կարեւորում է միջազգային հանրության վերաբերմունքը Արցախի ժողովրդի իրավունքը հարգելու հարցում: Շիրակ Թորոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ձեռքբերված պայմանավորվածությունները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը՝ նշելով, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առեւտրային գործընկերն է, ինչն արդեն իսկ կարեւոր ցուցանիշ է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար: Կարեւորվել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում «Ցեղասպանություն» տերմինի կիրառման հետ կապված: Արտակ Զաքարյանը հարցի կապակցությամբ հույս է հայտնել, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը կունենա իր դրական արդյունքն ու հետեւանքները: Նշվել է նաեւ, որ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր գործոններ են ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման համար:   Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն նշել է, որ իր կուսակցությունը ձգտում է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ ընդունվելիք բանաձեւում Գերմանիայի՝ այդ իրադարձությանը մասնակցության եւ պատասխանատվության հարցի մատնանշմանը: Նա նաեւ նշել է, որ իրենք աջակից են ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը: