Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լաչինն ազատագրվեց 59 թվականի հրետանիով ու առանց զոհերի (տեսանյութ)

Քաղաքականություն
lachin

Մայիսի 18-ը Լաչինի ազատագրման օրն է: 1992-ի հենց այս օրը 30 հոգանոց բրիգադն առանց զոհ տալու բացեց «կյանքի ճանապարհը»: Լաչինի ազատագրմանը մասնակցած՝ Հետախույզ վետերանների միավորման նախագահ Սուրեն Կարապետյանը, միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանը եւ «Դնետր» հրետանային զորամիավորման ինժեներ Վալերի Խաչատրյանը ցավով ընդգծում են, որ 24 տարի անց այս օրը չի նշվում որպես տոն: Ազատամարտիկները, սակայն, նեղացած չեն եւ առաջիկայում պատրաստվում են դիմել Արցախի նախագահին՝ Լաչինի ազատագրման օրը պետական մակարդակով տոնելու առաջարկով. «Մայիսի 18-ը մի թեթեւ նշվում է՝ փոքր օղակներում, բայց ինքն իրենց շատ մեծ ռազմական գործողություն է ներկայացնում, որը, գիտեք, որ կյանքի ճանապարհ է կոչվում: Կյանք ենք տվել Արցախին, Արցախը լիովին ոչնչացման եզրից փրկվել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրեն Կարապետյանը՝ հավելելով, որ եթե Լաչինի ազատագրմանը մասնակցած լինեին ներկայիս պետական այրերը, ապա այն հավուր պատշաճով կնշվեր. «Այդ գործողության հիմնական հրամանատարն է եղել Դնեպրիկ Բաղդասարյանը՝ հրետանու արքան, որը իշխանական սանդղակներին երբեւէ մոտ չի եղել կանգնած: Պետական լափամանին մոտ չէինք, դրա համար այդ գործողությունը համեստ նշում ենք մեզանով»,-ասաց նա՝ հավելելով. «Մենք հեռակա ունեինք հարձակման պլանը, բայց այն ժամանակվա իշխանությունները  չէին ցանկանում իրենց վրա վերցնել պատասխանատվությունը, Լաչինը չէր համարվում որպես Ղարաբաղյան մաս, սակայն Լաչինի ազատագրումը նպաստեց Շուշիի ազատագրմանը»: Ազատամարտիկները նշեցին, որ հակառակորդը մոտ յոթ անգամ տեխնիկայով գերազանցել է իրենց. «Մեզ մոտ հինավուրց՝ 59 թվականի հրետանին էր, դրանով էլ հաղթեցինք»: