Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հայտարարությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
vladimir-karapetryan-1

«Մենք չունենք տարբերակ` բոյկոտելու նման հանդիպումները, հատկապես հաշվի առնելով այն լարվածությունը, որը կա սահմանի վրա: Եթե մենք մեր դիվանագիտության շնորհիվ կփրկենք մարդկանց կյանքեր, գոնե այդ նպատակից ելնելով պետք է ակտիվ լինենք բանակցային գործընթացում, և ոչ անհրաժեշտ կամակորությունը կարծում եմ տեղին չէ: Այն հարցերը, որոնք բարձրացված  են իշխանության կողմից, կարծում եմ, որ ճիշտ են՝ վերահսկողություն, մոնիթորինգ պետք է իրականացվի, և մենք պետք է հետամուտ լինենք, որ թե համանախագահները և թե միջազգային հանրությունը հետևողական լինի, ինչը կկանխի այս հրաձգությունները: Բայց դա դարձնել նախապայման ու հանրությանն ասել, որ եթե դա չբավարարվի, ուրեմն ես չեմ գնա հանդիպման, բայց հետո հանդիպել, դա ինձ համար մի փոքր անհասկանալի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք  Սերժ  Սարգսյանը պետք է մայիսի 16-ին գնար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Վիեննայից վերադառնալիս լրագրողներին ինքնաթիռում տված հարցազրույցի  ժամանակ՝ Սերժ Սարգսյանը խոսեց քառօրյա պատերազմի ժամանակ 800 հեկտար տարածք կորցնելու մասին, մինչդեռ մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր 700 հեկտար կորցնելու մասին: Վերջինիս այս հայտարարությունը տարբեր  քննադատությունների առիթ էր հանդիսացել:  Ինչպես է բացատրվում այս հանգամանքը, երբ պաշտոնական մակարդակով նույնիսկ ավելի մեծ թվով կորցված տարածքների մասին է խոսվում: «Ա1+»-ի այս դիտարկմանը  Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Դուք հիմա ինձ առաջարկում եք մտնել երկու սուբյեկտների վիճաբանության մեջ: Ես քաղաքագետ չեմ, որ կարողանամ ծավալվել այս հարցի շուրջ: Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք վստահեցնում են մեզ, հասարակությանը, որ ունենք բարձր ունակություն՝ պաշտպանելու մեր դիրքերը և այդ հայտարարությունների լույսի ներքո տեղի ունեցածը, իհարկե, շատ ցավալի է: ՀԱԿ-ը այս փուլում չի մտնի այդ բանավեճի մեջ, թե որքան տարածք ենք մենք կորցրել, որովհետև այս փուլում մենք դա նպատակահարմար չենք համարում: Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանել այդ վեճը»: Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ՝ այսօր մեր իշխանությունները բանակցությունների սեղանի շուրջ պետք է ամուր դիրքերից հանդես գան և  կաշկանդված չլինեն ներքաղաքական հարցերով: «Ներսը չպետք է ալեկոծվի այն փուլում, երբ վճռական բանակցային փուլ է իրականացվում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ»,-եզրափակեց նա: Մանրամասները՝ տեսանյութում