Բարի կամքը զինվորի ընտանիքի հանդեպ՝ հարցի լուծում չէ (տեսանյութ)
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ պատերազմի ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների վերցրած վարկերի մարման խնդրին. « Կառավարությունը ասում է նախաձեռնությունների մասին, բայց մինչեւ հիմա որեւէ համակարգային քայլ եւ իրավական մոտեցումներ չեն իրականացվել»: Նրա խոսքերով՝ բարի կամքի դրսեւորմամբ այս կամ այն բարերարի կամ բանկի կողմից տրամադրված աջակցությունը կամ խնդիրների լուծումը հարցի լուծում չէ: «Անհրաժեշտ է համալիր իրավական մեխանիզմների ներդրում: Այս տեսանկյունից գտնում ենք, որ պետությունը վարկային կազմակերպությունների հետ համատեղ պետք է մշակի զոհվածների կամ վիրավորվածների վարկերի չեղյալ հայտարարման կամ փոխհատուցման հավասարակշռված եւ ռացիոնալ մեխանիզմներ»: Ըստ ԱԺ պատգամավորի՝պետական համակարգում, ինչպես նաեւ խոշոր ընկերություններում, որոնք հաճախ հանդիսանում են օլիգարխների սեփականությունը, պետք է առանձնացվի աշխատատեղերի քվոտա՝ նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը համակարգված լուծելու համար։ Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ «Հայկական վերածնունդ»-ը շրջանառության մեջ է դնում համապատասխան օրենքի նախագիծ: