«Այնպիսի վիճակի ենք հասցրել մոլորակը, որ գուցե հետ դառնալ չլինի» (տեսանյութ)
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն օրերս մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ֆորումին։ Միջոցառմանը ներկա են եղել 4 միջազգային և 4 ազգային ՀԿ-ներ։ «Այդպիսի անհանգստացնող զեկույց ես դեռ չէի լսել։ Ասացին, որ այն վիճակը, որին հասցրել ենք մոլորակը, այնպիսին է, որ գուցե էլ ետ դառնալ չլինի։ Միայն աղետների աճը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ Եվ ինձ զարմացնում է, որ մեր երկիրն անտարբեր է։»,-նշեց նա։ Հարցին, թե խնդիրը մեր երկրում ֆինա՞նսն է, թե՞ խնդրին անդրադառնալու անհրաժեշտության գիտակցումը չկա, բնապահպանն ասաց. «Այո, անհրաժեշտության գիտակցումը չկա։ Իշխանությունները դա չեն կարևորում։ Տեսնեիք, բոլորը ՄԱԿ-ում ասում էին, թե իրենց երկրների Ազգային ժողովներն ինչ ակտիվ են այս հարցում։ Իսկ մեր ԱԺ-ն ընդհանրապես դուրս է այս ամենից»։ Տիկին Դանիելյանը շեշտեց, որ երկրի էկոլոգիական վիճակը շարունակում է վատ վիճակում մնալ. «Գետերը վերածվել են աղբատարների և այլ խնդիրներ կան։ Երբ առաջ ասում էինք, որ վատ է էկոլոգիական վիճակը, ասում էին՝ դե ցանցառ էկոլոգներ են։ Բայց հիմա այս զեկույցը դա ցույց տվեց»։