Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն Արցախի մասնակցությամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
tevlar

«Այս տեսակ հանդիպումները երևի կտևեն երկար ժամանակ և շատ կլինեն»,-երեկ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ասում է պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա դրական է համարում, որ հանդիպման մասին լուսաբանելիս ադրբեջանական լրատվամիջոցները հղում են կատարել մեր՝ հայկական կայքերին։ Սակայն նա մեծ ձեռքբերում չի համարում այդ հանդիպումը. «Սրանք համարում եմ հանդիպումներ, ոչ թե բանակցություններ։ Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն Արցախի մասնակցությամբ։ Որքան չի թողնում Ադրբեջանը, որ Արցախը նստի այդ սենյակում և բանակցի, այնքան հասկանալի է, որ Ադրբեջանը գնալու է ռազմական ճանապարհով»։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ կոչ է անում չմոռանալ, թե ինչ մթնոլորտում է տեղի ունեցել հանդիպումը։ «Նախօրեին մենք զոհ էինք ունեցել ՀՀ սահմանին, այս գիշեր էլ զոհ ունեցանք։ Որևէ մեկն այդպես էլ չի անդրադարձել հիմնախնդրի լուծմանը։ 1994-ին ասում էին՝ զինադադարը կնքենք, արագ կանցնենք այդ խնդրին։ Այս 22 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացանք՝ որն է այդ արագը»,-նշեց նա։ Նա կարծում է նաև, որ մեր Արտգործնախարարությունը չպետք է հույսը դնի բանակի վրա. «Մեր դիվանագիտությունը պետք է գործի։ Անգամ մարմինների վերադարձման հարցը Պաշտպանության նախարարության միջոցով եղավ»։ Տիկին Ալավերդյանը նաև անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի Մինսկի խմբի համանախագահների կողմից հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնյաների ելույթների մոնիթորինգ իրականացնի։ «Ադրբեջանում նախ քաղաքական դաշտում են կրակոց հնչեցնում, հայտարարություններ անում, հետո սահմանին են դա սկսում։ Այս ամենը պետք է ուսումնասիրվի»։ Պատգամավորն էլ շեշտեց. «Պատերազմը չի ավարտվել և պատերազմական հոգեբանությամբ ապրելու խնդիրները մենք պետք է շարունակենք»։