Իշխանավորների թոռներին 2 նշանակած ուսուցչի շախմատի դպրոցը փակվեց
«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցը փակվել է: «Ընթացիկ ծախսերը հոգալն այլևս լրջագույն խնդիր էր մեզ համար, ստանում էինք բազմաթիվ միջազգային մրցաշարերի հրավերներ, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով չէինք կարողանում մասնակցել: Վերջին միջազգային մրցաշարին մասնակցել ենք մարտի 26-ին Մոսկվայում` շնորհիվ Հրաչ Ջաբրայանի օգնության, որտեղ մեր 3 շախմատիստներից 2-ը չեմպիոններ դարձան: Որից հետո երեկույթի ժամանակ, երբ հայտարարեցին մեր նվաճումների մասին եւ մեզ շնորհավորեցին, ներկա էր նաեւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, որը ոչ մի խոսք չասաց, նույնիսկ երեխաներին չմոտեցավ եւ չշնորհավորեց: Մի խոսքով, իշխանական չես, ուրեմն ոչինչ ես, այս կարգախոսն են ընտրել ներկայիս իշխանությունները: Դպրոցը 2 տարի շարունակ գործունեություն է ծավալել, սակայն պետական մարմնից օգնություն կամ շնորհավորանք չենք ստացել, նույնիսկ այն դեպքում, երբ հունվարին միջազգային մրցաշարի չեմպիոն դարձանք, իսկ փետրվարին մեր սանը դարձավ Երևանի մինչև 8 տարեկանների բացարձակ չեմպիոն: Միակ ելքը երկիրը լքելն էր»,- «Ա1+»-ին ասաց դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանը: Նա արդեն Մոսկվայում է, նշանակվել է «Ուայլդ Էլեֆանթս» շախմատային թիմի գլխավոր մարզիչ: «Այստեղ գնահատում են, չեն խոչընդոտում՝ ի տարբերություն ՀՀ-ի»,- ավելացրեց Նարեկ Վարազդատյանը: Հիշեցնենք, որ շախմատի ուսուցիչը հայտնի դարձավ, երբ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռնիկներին երկու նշանակեց եւ հեռացվեց Երևանի Պուշկինի անվան դպրոցից: Այնուհետեւ բացեց իր սեփական դպրոցը, որտեղ երեխաների թիվն անցնում էր 100-ից: Դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսը սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող եւ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ էին, որոնք տնօրենի որոշմամբ սովորում էին անվճար հիմունքներով: «Մյուս ծնողների վճարած գումարներով անհնար էր նույնիսկ ընթացիկ ծախսերը հոգալ»,- նշում է տնօրենը: Նարեկ Վարազդատյանը, սակայն, չի ընկճվել՝ վստահ է՝ մի օր իշխանությունները կզղջան: