Գյումրիի ռուսական ռազմաբազայում սկսվել են ՌԷՊ վարժանքները.razm.info
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների նոր տեղափոխված զինծառայողները ծանոթանում են ռազմաբազայի սպառազինության մեջ եղած «Ինֆաունա» ՌԷՊ համակարգին: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում զինծառայողները ծանոթանալու են ՌԷՊ համակարգի մարտավարատեխնիկական բնութագրերին, սովորելու են կատարել բացազատման նորմատիվները, ինչպես նաև ռադիոհետախուզության և ռադիոճնշման ռեժիմներում գտնել կարևոր թիրախները: «Նավոդչիկ» և «Օրլան» անօդաչու թռչող սարքերի և ՌԷՊ համակարգերի օգնությամբ ստորաբաժանումները փորձելու են նաև որսալ հակառակորդի ԱԹՍ-ները: Ուսումնական գործընթացն ավարտվելու է զորավարժությամբ, որի ժամանակ զինծառայողները ռադիոհետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշելու են պայմանական հակառակորդի հետախուզական և կապի միջոցները: