Նոր մարտահրավերներ՝ բժիշկների հավաստագրման նոր կարգով (տեսանյութ)
Մայիսի 4-ից ուժի մեջ է մտել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը՝ նոր խմբագրումներով եւ փոփոխություններով՝ սահմանելով ՀՀ բուժաշխատողների մասնագիտական հավաստագրման նոր կարգ: Այս կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն այսօր նախաձեռնել էր հանդիպում-քննարկում՝ օրենքի նոր պահանջներին եւ մարտահրավերներին լուծումներ առաջարկելու նպատակով: ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն մեկ տասնամյակից ավել է՝ զբաղված են ՀՀ առողջապահության հարցերի վերանայմամբ եւ բարելավմամբ, ուստի օրենքում փոփոխությունների քննարկումն առաջնային է իրենց համար: «Օրենքը դեռեւս նոր պետք է գործողության մեջ մտնի, եւ, բնականաբար, նոր պահանջեր եւ մարտահրավերներ է առաջադրելու, իսկ դա ենթադրում է բազմաթիվ հարցեր ու ենթահարցեր, որոնք այսպիսի մեկ հանդիպումով չեն լուծվի, բայց սա կլինի այն ակյունաքարը, որի շուրջ կարելի է լուծումներ առաջադրել»,-ասաց նա: Մեր հարցին, թե ինչ բացեր է նկատել օրենքի փոփոխված տարբերակում, պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Հանձնաժողովը բավականին բաց է աշխատել: Մինչեւ օրենքի ընդունումը բազմաթիվ լսումներ են եղել, կարծիքներ են հարցրել: Անկեղծ ասեմ՝ բացերը հիմնականում երեւում են գործողության մեջ, որովհետեւ տեսականորեն ամեն ինչ, կարծեք թե, թվում է շատ լավ: Հուսանք, որ այդպես է, բայց գործողության մեջ, բնականաբար, կլինեն հացեր, որոնք ավելի կօգնեն հասկանալու եւ շտկելու մեր հետագա քննարկումների ընթացքում»: Հավելենք, որ նոր կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի ավագ եւ միջին բուժաշխատողները մասնագիտական հավաստագրումը ձեռք են բերելու շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների միջոցով՝ պարբերաբար մասնակցելով դասընթացների, վերապատրաստումների եւ գիտաժողովների: