ԵՄ-ն 15 միլիոն եվրոն չի տա Հայաստանին, մինչև արդյունք չտեսնի. Սվիտալսկի (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ելույթները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար կարևոր խնդիր է. համոզված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին. «Վերջին դեպքերը ցույց տվեցին՝ կոռուպցիայի դեպքերը պաշտպանության ոլորտում, որ սա Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է: Կոռուպցիան ձեզ ուժեղ չի դարձնում: Կոռուպցիան ձեզ թուլացնում է: Եթե այս տեսանկյունից մենք մոտենանք հարցին, արդյունքներ կունենանք»: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրո ունի՝ օգնելու Հայաստանի կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար. «Բայց երբ որ ասում եմ՝ կա, հատկացված է, նկատի չունեմ բաշխված է, որովհետեւ մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Կան պայմաններ, մեզ պետք են կոնկրետ արդյունքներ, եւ եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,-եզրափակեց Սվիտալսկին: