Գոռ Վարդանյանի պաշտպանը միջնորդեց՝ դատախազին բերման ենթարկել (տեսանյութ)
Միջազգային Դուքենդոյի եւ «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստն այսօր էլ չկայացավ: Գործով մեղադրողը՝ դատախազ Արմեն Փանոսյանը, չէր ներկայացել դատական նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Սա հարուցեց պաշտպանական կողմի դժգոհությունը: Գոռ Վարդանյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը դատավոր Արմեն Բեկթաշյանին միջնորդեց դատախազին բերման ենթարկել, քանի որ դատական նիստերն իր պատճառով պարբերաբար հետաձգվում են: Իսկ Արմեն Փանոսյանը դատարանից ժամանակ էր խնդրել մեղադրանքը փոփոխելու համար: Սակայն դատավորը նշեց, որ դատախազի հարցով կդիմեն Գլխավոր դատախազին: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 27-ը: Դերասան Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:Հոդվածը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամսյա ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգ հարյուրապատիկի չափով կամ առանց դրա: Հիշեցնենք, որ 2014 թ փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի «Դուքենդո»-ի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Այսօր Գոռ Վարդանյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը ցույց տվեց գրություններ, ըստ որի՝ ՊՆ-ի կողմից Գոռ Վարդանյանին տրամադրվել է անհրաժեշտ ռազմական տեխնիկա՝ «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմի նկարահանման համար: «Ունենք նաեւ մեկ գրություն, որտեղ հայտնվել է, որ ԼՂՀ-ի եւ ոստիկանության կողմից Մոսկովյան հասցեում գործող Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Վարդանյանին ԼՂՀ-ում դեռեւս 2005 թ-ին ֆիլմեր նկարահանելու համար տրամադրվել է տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծխային նռնակներ: Հետեւաբար ես կարծում եմ, որ սրանք շատ կարեւոր փաստաթղթեր են, այս պահին այլ որակումներ չեմ ուզում տալ: Կարծում եմ, որ, դատախազը նման պայմաններում պարտավոր է հրաժարվելու, այլ բան չեմ ավելացնի, մնացածը հաջորդ դատական նիստին»,- ասաց Գոռ (Արմեն )Վարդանյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը: