«Բոլորիս նպատակը մեր զինվորների արդյունավետ բուժումն է»
Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող վիրավոր զինծառայողների առողջական վիճակի գնահատման և հետագա բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խմբի հերթական քննարկումը տեղի ունեցավ Արմեն Մուրադյանի մոտ` վիրավոր զինվորներ Արման Լազգյանի և Ռուբեն Առաքելյանի հարազատների մասնակցությամբ։ Երկուսի ծնողներն էլ ցանկություն են հայտնել նրանց բուժումը շարունակել արտերկրում։
Խմբում ընդգրկված հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետներն արձանագրեցին, որ մինչև այժմ երկու վիրավորի բուժումը «Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպվել է պատշաճ մակարդակով։ Ներկայացնելով հիվանդների ներկայիս վիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արտակ Հովհաննիսյանը նշեցին, որ երկու դեպքում էլ կա առողջական վիճակի դրական տեղաշարժ։
Մանրամասն անդրադառնալով վիրավորների ներկայիս վիճակին` մասնագետները ներկայացրեցին նրանց հետագա բուժման ռազմավարությունը։
Քննարկման արդյունքում ծնողները համոզվեցին, որ իրենց զավակների բուժումը Հայաստանում հնարավոր է ամբողջ ծավալով շարունակել։ Միաժամանակ ծնողներին տեղեկացրեցին, որ հիվանդների տեղափոխումն այսօր ռիսկեր և վտանգներ է պարունակում։
«Հայաստանում հնարավոր է բուժել և անել այն ամենը, ինչ այլ երկրում պետք է կատարեն։ Հայկական «Քրոս» (կարմիր խաչ) առողջության կենտրոնում ես ականատես եղա, թե գլխուղեղի թափանցող վնասվածքով երիտասարդն ինչպես է արդեն ինքնուրույն քայլում»,-ասաց նախարարը` նշելով, որ բոլորի նպատակը նույնն է՝ զինվորների արդյունավետ բուժումը։
Ծնողները ևս հայտնեցին իրենց տեսակետները։ Տեղեկանալով առկա բոլոր ռիսկերի և վտանգների մասին, ընդունելով, որ իրենց տղաների բուժումը ողջ ծավալով հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, պնդեցին բուժումն արտերկրում շարունակելու իրենց ցանկությունը։
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ նախարարությունը կաջակցի զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանությունը, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում։ Միաժամանակ աշխատանքներ են տարվելու բարերարներ գտնելու ուղղությամբ, քանզի այն դեպքերում, երբ հնարավոր է Հայաստանում բուժել՝ պետական ֆինանսավորում չի նախատեսվում։