«Եթե նախագահի խոսքը ոչինչ չարժե, գուցե Մայրապետյանի՞ն նշանակեն նախագահ» (տեսանյութ)
Երեւանի կենտրոնի բնակիչ Վարդան Գերավետյանը երկամսյա ժամկետում պետք է ազատի Տերյան 23 շենքի իր բնակարանը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: «Միգուցե չի հրահանգվել այս գործը: Ես պնդում եմ, որ Սամվել Մայրապետյանը թալանչի է, նա պետք է նստի բանտ, նախ հարկեր չմուծելու համար: Նա Ռոբերտ Քոչարյանի կառուցապատողն է»,- ասաց Վարդան Գերավետյանը: Կառավարության որոշմամբ Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը: «Այսօր նաեւ հաստատվեց, որ նախագահը ծառայում է Մայրապետյանին կամ նախագահը պարտավոր է Մայրապետյանին դնի իր տեղը, Քոչարյանին էլ հետը եւ ապացուցի, որ Քոչարյանից գոնե պրծել ենք, բայց Քոչարյանի իշխանությունը մինչ օրս շարունակվում է»,- ավելացրեց իրացման գոտու բնակիչը: Հիշեցնենք, որ գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին, քանի որ գործով հետաքրքրված էր Նախագահի վերահսկողական ծառայությունը: Վարդան Գերավետյանի խոսքերով՝ վերահսկողական ծառայությունը լսել էր բոլոր բնակիչներին եւ միայն մնում էր Սամվել Մայրապետյանի խոսքը լսեին՝ բանակցություններ սկսելու համար. «Բայց Մայրապետյանից մինչ օրս որեւէ պատասխան չկա, ստացվում է մի մարդու շահը գերակա է մոտ 20 ընտանիքի շահերից: Նախագահին եւս մեկ անգամ պետք է ասել, որ եթե նրա խոսքը ոչինչ չարժե Հայաստանում, միգուցե Մայրապետյանին նշանակեն նախագահ»: Վարդան Գերավետյանը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել: Իսկ իրենց շենքերի պահպանման համար պայքարող 20 ընտանիք դուր չի գալու տներից՝ դիմելու են ինքնապաշտպանության: