Համանախագահների բառապաշարը հիշեցնում է Սերժ Սարգսյանի բառապաշարը. Շարմազանով (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վիենայում համանախագահների հայտարարությանը, որտեղ ասված է՝ «վերջին բռնությունների լույսի ներքո եւ շփման գծում լարվածության թուլացման հրատապությունից ելնելով՝ մենք համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն:Մեր արտգործնախարարները պատրաստ են աջակցել հաջորդ շաբաթ այդ հանդիպման կազմակերպմանը Վիենայում»: Ըստ Էդուարդ Շարմազանովի համանախագահների հայտարարության գոնե բառապաշարը հիշեցնում է Սերժ Սարգսյանի բառապաշարը. «Բառապաշարը համահունչ է նրա հայտարարություններին՝ կոնկրետ թե վստահության մեխանիզմների ամրապնդման, թե զինադադարի պահպանման առումներով: Տեսնում ենք, որ այստեղ նոր խնդիր չկա բանակցությունների նոր փաթեթի մասին: Խոսքը բացառապես այն առաջարկների վերաբերյալ է, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը»: Իսկ այն քաղաքական գործիչների, Էդուարդ Շարմազանովի խոսքով, հոռետեսական հայտարարությունները, որ քննադատում էին, թե Սերժ Սարգսյանի պայմանները չեն բխում մեր շահերից ու կհանգեցնեն ՀՀ-ի եւ համանախագահների միջեւ կոնֆլիկտի, չիրականացան: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ ավստրիական թերթերից մեկին տված այն հարցազրույցին, որտեղ նա կողմ է արտահայտվել, որ Հվ Կովկասի երկրների նկատմամբ զենքի էմբարգո կիրառվի. «Շավարշ Քոչարյանը պատահական մարդ չէ՝ նա լուրջ քաղաքական գործիչ է, այն քիչ մարդկանցից է, որ կոմպլեքս տիրապետում է ղարաբաղյան խնդրին, հայրենասեր անձնավորություն է, իմ ավագ ընկերն է, շատ հետաքրքիր կարծիք է արտահայտել: ՀՀ-ն խաղաղասեր երկիր է, մենք բացառապես խաղաղություն ենք քարոզում, մենք երբեք սպառազինությունների մրցավազքով հիացած չենք եղել, եւ մշտապես դա քննադատել ենք: Քանի դեռ Ադրբեջանը զինվում է, ՀՀ-ն պետք է առաջնորդվի՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, սկզբունքով: Խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլեւ Թուրքիայի: Դժբախտաբար, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարեւան, եւ Հիտլերի ու Մուսոլինիի նման Ալիեւն ու Էրդողանը իրար հետ մրցույթ են կպել, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ»: