Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն է պետք. նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
arcvik-1

Նոր Սահմանադրությամբ տրված կարգավորումներն են հնարավորություն տալիս հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն վարել երկրում: Հայտարարում է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ պետք է երկրում ակտիվ պայքար մղվի նաև մենաշնորհների դեմ: «Սահմանադրական կարգավորումով ասվում է շատ պարզ՝ մենաշնորհը երկրում արգելվում է: Ցանկացած մենաշնորհ պետք է բացառապես օրենքով սահմանվի: Առաջին հերթին օրենսդրական վերանայումների կարիք կա, երկրորդը՝ գործիքակազմի վերանայում ու հստակեցում»,- ասաց նախարարը: Նախարարի պնդմամբ՝ գլխավոր հարցը շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովելը: Դիտարկմանը, թե հիմա շուկաները փա՞կ են, նախարարը պատասխանեց. «Երբ խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, առաջին հերթին պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ շատ արագ կարող է մրցակցային միջավայր ձևավորվել: Ի՞նչ  նշանակում՝ դրանք փակ են, թե՞ ոչ: Հիմա, օրինակ վերցնենք մի մենաշնորհային ոլորտ եւ ասեք՝ ինչպե՞ս է առաջացել էդ մենաշնորհը»,- ասաց Մինասյանը: Օրինակ՝ շաքարավազի ներկրումը, նկատեցին լրագրողները. «Ոչ, շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն է պետք, էկոնոմիկայի նախարարությունը պետք է նման ուսումնասիրություն ունենա իր ձեռքի տակ»,- ասաց նա: Նախարարը զայրացավ անընդհատ հնչող հարցերից. «Եթե ձեզ թվում է, որ անընդհատ հարցադրումներով  ինձ հունից հանելու եք՝ չի ստացվի»: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը և մյուսները չպե՞տք է պաշտոնից հեռանան՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ արդյունավետ պայքար չապահովելու համար, նախարարը պատասխանեց. «Դուք տալիս եք մի հարց նախարարին, որի իրավասությունների մեջ չէ դա մեկնաբանելը: Այլ մարմնին լիազորված հարցը տալիս եք ինձ, որ ես ի՞նչ պատասխանեմ դրան»: