«Ադրբեջանը նախ պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները» (տեսանյութ)
Ադրբեջանը կարող է հասնել իր նվիրական նպատակներին` Լեռնային Ղարաբաղը ճանաչելու միջոցով. hամոզված է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա կարծում է, որ բանակցային փաստաթղթերի ամբողջ փաթեթից Ադրբեջանը փորձում է տարանջատել այն ամենն, ինչ վերաբերում է տարածքների վերադարձին. «Բայց մինչեւ տարածքային պահանջներ առաջ քաշելը, Ադրբեջանը պետք է առնվազն ինքն էլ վերադարձնի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները ու ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Քանի որ ճանաչելու դեպքում նա գործ կունենա մի սուբյեկտի հետ, որը լիազորված է քննարկել նման հարցեր: Հայաստանի Հանրապետությունը առանց Լեռնային Ղարաբաղի նման հարցեր լուծել չի կարող: Ահա ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կարող է հասնել իր նվիրական նպատակին»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ խոսքը Մարտունիի, Մարտակերտի, Շահումյանի շրջանների մասին է, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ: Ադրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի պահանջին, թե ցույց տվեք փաստաթուղթ, որի համաձայն, Ռուսաստանն այս պահին զենք է վաճառում Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանը արձագանքեց. «Ակնհայտ է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը չպետք է պատասխաներ այդ հարցին։ Ռուսաստանում կան այլ մարմիններ, որոնց առաջ այդ հարցը բարձրացվում է»։ Մանրամասները՝ տեսանյութում