Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր հոգեբանություն է ձեւավորվելու, որը հեշտ չի լինելու»

Քաղաքականություն
parliament

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն իր ելույթում դրական գնահատեց այս նախագիծը՝ ասելով. «Եկող տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ պետք է համապատասխան միջոցներ հատկացնենք՝ այս համակարգի կայացման համար, պետք է տնտեսումներ անենք, որ մարդկանց ՔԿՀ-երում կարողանանք մարդկանց պահել: Պետք է այնպես անենք, որ սա չդառնա հերթական օրենք, որ թղթին կա, սակայն կյանքի կոչման ժամանակ չենք կարողանում այն ճիշտ ուղղությամբ զարգացնել»: Իսկ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ սա մայր օրենք է, որի համար ՀՀ-ում երկար ժամանակ լոբբինգ է իրականացվել տարբեր ՀԿ-ների կողմից, որ ներդրվի այդ համակարգը. «Հիմա այդ հնարավորությունը ստացել ենք: Իմ առաջարկների մեծ մասն ընդունվել են, որի համար շնորհակալ ենք: Հնարավորինս լավ նախագիծ ենք ստացել ու արդեն փորձարկման ընթացքում, իրավակիրարկման ժամանակ ավելի կարեւոր փոփոխություններ տեղի կունենան: Սակայն այս փուլում նախագիծն իր լավագույն տեսքին է բերված: Կոչ եմ անում՝ կողմ քվեարկել»: «Ձեր կառուցողական առաջարկների համար շնորհակալություն, պարոն Մարուքյան, եւ նաեւ՝ շնորհակալություն, որ նախարարի հետ կարողացաք համատեղ աշխատել»,- նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախարար Արփինե Հովհաննիսյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ այս նախագծով նոր հոգեբանություն է ձեւավորվելու, որը հեշտ չի լինելու. «Այն ժամանակ է պահանջում, քանի որ պրոբացիոն ծառայողները հատուկ ծառայողներ՝ համազգեստավորներ, չեն լինելու, այլ քաղաքացիական աշխատողներ, որոնք համապատասխան աշխատանքներ են անելու դատապարտյալի հետ, որ նա կարողանա արագ վերաինտեգրվի հասարակությանը, որն էլ իր հերթին իր ներսից ուղղելու է այդ մարդկանց: Այս համատեքստում կարեւոր եմ համարում հաշտարարության սկզբունքի ներդրումը»: Այս նախագծի քննարկման ավարտից հետո ապառվեց նաեւ ԱԺ օրակարգը: Հաջորդ շաբաթ տեղի կունենա արդեն ԱԺ հեթական նիստը: