Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայոց ցեղասպանության ընդունման խնդիրը` սակարկման առարկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cicernakaerd

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև՝ Կանաչների կուսակցության կողմից առաջարկված: Այդ բանաձևի ընդունումը հայաստանյան փորձագետները համարում են քիչ հավանական: «Չեմ կարծում, որ այդ բանաձևը իրենք ընդունեն, որովհետև, եթե ընդունելու լինեին, ապա  իրենք դա կընդունեին մեկ տարի առաջ՝ 100- ամյակի ժամանակ, որովհետև դա ամենալավ առիթն էր , որ ընդունվեր, քանի որ Գերմանիայի նախագահն էլ պաշտոնական հայտարարությունով հանդես եկավ, Ավստրիայի պառլամենտն էլ ընդունեց, բայց իրենք այդ պահին վճռական չգտնվեցին և այդպիսի որոշում չկայացրեցին»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Մեծ երկրները փոքր երկրների խնդիրները հաճախ որպես ճնշման գործիք են օգտագործում՝ կարևորագույն հարցերի դեպքում:  Չի բացառվում, որ Բունդեսթագի բանաձևի քննարկումը կրկին հետաձգվի մինչև  2017թ-ի ընտրություններ: «Գերմանական  այս խորհրդարանի ժամկետը լրանում է 2017թ-ի սեպտեմբերին, այսինքն Թուրքիայի մարտավարությունն է հետաձգել, հետաձգել և հետաձգել մինչև 2017թ-ի սեպտեմբերը, մինչև որ հավաքվի նոր Բունդեսթագ և այդտեղ արդեն պարզ կլինի, թե ուժերը ինչպես տրամադրված կլինեն, որովհետև բացահայտ է, որ եթե այս փուլում հարցը հասնի քվեարկությանը, եթե դրվի քվեարկության , ապա սա աներկբայորեն ընդունվող բանաձև է»,- մեզ հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը : Կհաջողվի՞ , ի վերջո, բանաձևը դնել քվեարկության: Հարցին Սուրեն Մանուկյանը պատասխանեց. «Պետք է հասկանանք, որ թուրքերը Գերմանիայում ոչ միայն քանակապես են շատ, այլև բավականին ազդեցիկ են նաև քաղաքական կուսակցություններում: Բոլոր քաղաքական կուսակցություններում կան թուրք անդամներ և ի տարբերություն Կանաչների կուսակցության առաջնորդի, որը առաջամարտիկն է  Ցեղասպանության ճանաչման և շատ լավ է տրամադրված այդ առումով, մյուս թուրքերը բնավ էլ այդպես չեն տրամադրված և սա կարող է նույնիսկ ներկուսակցական խնդիրների պատճառ լինի»: Արդեն երրորդ անգամ ներկայացված Ցեղասպանության ճանաչման բանաձևը ըստ  բանախոսների՝ աննխադեպ է, քանզի այստեղ 1915թ-ի կոտորածները բնութագրվում է կոնկրետ ցեղասպանություն բառով: Փաստաթղթում առանձին կետով մատնանշվում է նաև Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը՝  հաշվի առնելով այն, որ առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան եղել է Թուրքիայի դաշնակիցը: «Ես կարծում եմ, որ եթե Թուրքիայի հետ չլիներ այդ հոգեբանական հարաբերությունների խնդիրը , ապա գերմանական հասարակությունը, անպայման, կընդուներ  Ցեղասպանության փաստը, մանավանդ որ հենց այդ դրույթն ավելի կխթաներ նրանց ընդունել, քանի որ միգուցե մեզ համար դժվար ընկալելի լինի, բայց նրանց մոտ դա բավականին հիվանդագին է ընկալվում, որ եթե գերմանացիները ինչ-որ մի էթնոսի նկատմամբ բացասական դեր են կատարել, ապա իրենք, անպայման,պետք է այդ խնդիրը ընդունեն և ներողություն խնդրեն»,-ընդգծում է Երվանդ Բոզոյանը: Իսկ Սուրեն Մանուկյանն էլ իր հերթին հավելեց. «Այս բանաձևն  ինչով է տարբերվում մյուս բանաձևերից, որ այստեղ հստակ նշվում է պատասխանատվության հարցը:Իրենք՝ գերմանացիները, առաջինն  իրենց են որպես պատասխանատու նշել և մեղսակից այս հանցագործությանը և հետո նոր մեղադրում են Թուրքիային:Դա նաև թույլ է տալու հետագայում, եթե բանաձևը ընդունվի , խուսափել Թուրքիայի մեղադրանքներից, որը Թուրքիան միշտ հնչեցնում է»: Պարոն Բոզոյանը նաև նկատում է, որ Եվրոպայում խիստ քննադատողական վերաբերմունք կա Անգելա Մերկելի նկատմամբ, քանզի վերջինիս թուրքերին խրախուսելու քաղաքականության հետևանքով՝ այսօր ողջ Եվրոպան հայտնվել է Թուրքիայից կախվածության մեջ: Սա շատ լավ գիտակցում են նաև Թուրքիայում, հետևաբար, փորձում են հնարավորինս  ի շահ իրենց ծառայեցնել այդ հանգամանքը՝  գերմանացիների հետ բանակցության թեմա  դարձնելով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: «Թուրքիան գիտակցում է, որ Գերմանիայի համար դա երկրորդական խնդիր է , բայց, այնուամենայնիվ, գերմանացիները կարող են ընդունել դա , բնականաբար, Հայոց ցեղասպանության ընդունման խնդիրը նույնպես դարձնում են սակարկման առարկա և այս հարթակում գերմանացիները հաճույքով կգնան զիջումների, փոխարենը՝  փորձելով կորզել որոշակի օգուտներ այլ հարցերի շուրջ, մասնավորապես փախստականների»,- ասում է քաղաքագետը: Բանաձևի հնարավոր ընդունումը արդեն իսկ անհանգստության առիթ է  հանդիսացել  Անկարայում: Թուրքական ԱԳՆ-ն զգուշացնում է, որ դա վատ կանդրադառնա թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Սուրեն Մանուկյանը Թուրքիայի անհանգստության պատճառը հասկանում է: «Գենոցիդ բառը իրավաբանական տերմին է: Այդ բառի օգտագործումը, ճանաչումը և ընդունումը  միանգամից հարցը բարձրացնում է միջազգային իրավունքի հարթություն, այդ բառի հետևում կանգնած են ՄԱԿ-ի կոնվենցիաները, փոխհատուցման մեխանիզմները և այլն»,-բացատրում է պարոն Մանուկյանը: Բոլոր դեպքերում վերլուծաբանները խորհուրդ են տալիս չոգևորվել Բունդեսթագ բերված Հայոց ցեղասպանության բանաձևի առիթով՝ հերթական անգամ չհիասթափվելու համար: Մանրամասները՝ տեսանյութում