Դավիթ Սաֆարյանը կմասնակցի օլիմպիական խաղերին
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը իրավունք է ստացել մասնակցելու 2016 թվականի օլիմպիական խաղերին: Այդ մասին այսօր տեղեկացրել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ինչպես տեղեկացնում է սկզբնաղբյուրը, Սերբիայի վարկանիշային մրցաշարի 65 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգրեր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու եւ Բելառուսը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիեւի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել: Նրանք որակազրկվել են եւ չեն կարող մասնակցել օլիմպիական խաղերին: Նրանց ուղեգրերը հանձնվել են վերը նշված մրցումներում կիսաեզրափակիչ մտած Դավիթ Սաֆարյանին եւ վրացի ըմբիշ Զուրաբի Իակոբիշվիլուն: Այդպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ում հանդես կգա հետեւյալ կազմով. 57 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Մնացականյան, 65 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե: