Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ. «Գուցե Բագրատյանը միջուկային զենքի արտադրություն ունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

«Եթե Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Հայաստանը միջուկային զենք ունի, ուրեմն նախկին վարչապետը գիտի, թե ինչ է ասում»,-այսօր ասել է Արմեն Ռուստամյանը։ «Մենք ի վերջո եղել ենք միջուկային տերության մաս, հիմա ինչպես ա էդ ամենը բաշխվել, ինչ ա կատարվել, ըտեղ շատ անհայտ պատմություններ կան»: Դաշնակցական գործիչը Հայաստանի համար վտանգավոր չի համարում, եթե հանկարծ  պարզվեց, որ իսկապես մեր երկիրն ունի միջուկային զենք։ «Երբ որ պարզվի , մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Բայց Եվրամիությունն արդեն հետաքրքրվել է Բագրատյանի հայտարարությամբ, գուցե ՄԱԳԱՏԵ-ն ստիպված լինի Հայաստանում միջուկային զենք փնտրել. «Թող գան, ստուգեն, մենք վաղուց ենք դա ասել,՝ բալանսը պետք է պահպանվի տարածաշրջանում, Ադրբեջանը բոլորի աչքի առաջ զինվում է»: Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը Հայաստանի միջուկային զենք ունենալու մասին նախկին վարչապետի հայտարարությունը համարում է անիմաստ, բայց գուցե Բագրատյանը գիտի ինչ է ասում. «Առանձին կարող է ինքը նմանատիպ մի գաղտնի արտադրություն ունի, ես չեմ կարող ասել»,- նկարտում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հայաստանի Հանրապետությունը միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ իրավունք չունի ունենալ այդպիսի զենք: Սակայն գուցե Բագրատյանը ատոմակայա՞նն է համարում միջուկային զենք. «Շատ ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք եւ պայքարեինք դրա դեմ, որ օրինականացնենք ամեն ինչը»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը: Իսկ առայժմ մենք ատոմային զենք չունենք եւ, ըստ Վահրամ Բաղդասարյանի, պետք չէ աշխարհին տրամադրել մեր դեմ պատժամիջոցներ մտածելուն: Այլ բան է, սակայն, որ մեր գիտական հնարավորությունները թույլ տային նման զենք ստեղծել. «Եթե պետք լինի, մենք կարող ենք նաեւ այդ ուղղությամբ աշխատել, դա այլ խնդիր ա»: Վահրամ Բաղդասարյանը մի երկու մանրամասն կուզեր լսել Ուկրաինայում գտնվող Հրանտ Բագրատյանից, որպեսզի հասկանար, թե ի՞նչն է նկատի ունեցել նախկին վարչապետը Հայաստանին միջուկային գերտերություն հռչակելով: