Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ուրիխանյանը չի բացառում, որ առաջիկայում ցուցմունք կտա (տեսանյութ)

Քաղաքականություն
Tigran-Urixanyan-1

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Անալիտիկ» կայքի խմբագրի դեմ ներկայացրած հանցագործության մասին գործի շրջանակներում ցուցմունքներով հանդես կգա այն ժամանակ, երբ ցուցմունքների անհրաժեշտությունը կլինի՝ ուղղված ավելի բարձր կանգնած հանցագործների նկատմամբ:  Նա չի բացառում, որ առաջիկայում ցուցմունք կլինի: «Ուզում եմ հուսալ, որ մեխանիկական գործունեություն իրականացնողներն ընդամենը մանր ձկներ են, այն ավազանում, որտեղ խոշոր շնաձկներ կան:   Այդ իսկ պատճառով զերծ եմ մնում մինչիշխանական բախումներից՝ դրանց համար թողտվության եւ երաշխավորվածության մթնոլորտ ապահովողների, հովանավորների, պատվեր տվողների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ  աշխատակից Վարդիթեր Գիշյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև  վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, սակայն հրաժարվել էր ցուցմունք տալուց: «Որպեսզի նրանք, ովքեր այդ ամենը պատվիրել եւ պատվիրում են, այնուհետեւ չշահարկեն, իբրեւ թե կանանց ճաղավանդակների ներքո իմ թողտվությամբ կամ իմ դրդմամբ տեղավորեցին, որպեսզի չշահարկեն, որ հանցագործն ունի մանկահասակ երեխա, ուրեմն օրենքը նրա հետ այլ կերպ պետք է վարվի, իսկ երեխա չունեցողի հետ՝ այլ կերպ, ես զերծ մնացի ցուցմունքներից»,- պարզաբանեց պատգամավորը: Անդրադառնալով այլ հարցերի՝ մասնավորապես Արցախի ճանաչմանը, ԱԺ պատգամավորը նշեց, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Եթե օրինագիծը  գա խորհրդարան, ապա  ես  կողմ  եմ քվեարկելու»: Իսկ ճանաչման վտանգների մասին, Տիգրան Ուրիխանյանի խոսքերով,  պետք է մտածեն ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլ տարածաշրջանում խաղաղություն ապահովող երկրները: