Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մասնավոր սեկտորը կարող է ցույցերով փչացնել նախընտրական տարին»

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ԱԺ-ում այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով՝ եթե մասնավոր սեկտորի ներկայացուցիչները իմանան, որ պետք է անցնեն այդ համակարգին, կսկսեն ցույցեր անել և «փչացնել» նախընտրական տարին. «Համակարգը այս ընթացքում ցույց է տվել, որ այն ժամանակ ներկայացված բոլոր փաստարկները շատ տեղին, ճիշտ է եղել և այն իրեն չի արդարացնում»: Ինչ վերաբերում է նրան, որ օրենքը երաշխավորում է գումարների վերադարձելիությունը՝ ճշգրտված գնաճով, պատգամավորն ասաց, որ տարիներ անց այնպիսի գնաճ է լինելու, որ պետական բյուջեով պետք է մեծ ներդրումներ անենք, որ կարողանանք այդ գումարները հետ վերադարձնել. «Ես կարծում եմ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը այս օրենքը ընդհանրապես գործողությունից հանելու է, ուղղակի չգիտեմ, թե այդ գումարները ինչպես են վերադարձնելու մարդկանց, որովհետև այդ գումարները անարդյունավետ են կառավարվում, և գումարները այնքան չեն, որ կարողանան եկամտաբեր լինել և կա տեղեկատվություն, որ այդ ֆոնդերը վնասներով են աշխատում»: Էդմոն Մարուքյանը նկատեց նաև, որ Սահմանադրական դատարանի երկրորդ որոշման վերաբերյալ օրենքում ոչ մի փոփոխություն չի արվել. «Ինչո՞ւ եք բերել օրենքի հետաձգման նախագիծը և ինչո՞ւ Սահմանադրական դատարանի որոշումը ի կատար չենք ածում»: Ըստ նրա՝ օրինագծում պահպանվել է տարիքային խտրականությունը և դուրս է գալիս, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ մասնավոր և պետական սեկտորների առումով խտրականությունը շարունակվում է. «Ես հարց եմ տալիս՝ մեր գումարները որտե՞ղ են, ինչպե՞ս են կառավարվում և ի՞նչ եկամտաբերությամբ, ի՞նչ երաշխիքներ կան դրանց հետ կապված: Կարևոր սկզբունքը մնում է հետևյալը՝ համակարգը պետք է լինի կամավոր, պետք է համակարգի կառավարումը կամավոր տեսանկյունից ունենա վստահություն, որ մարդիկ այդ կուտակումները կատարեն, իսկ եթե պարտադիր է, պետությունն է այդ բեռն իր վրա վերցնում»: Պատգամավորը հարց բարձրացրեց, թե այդ կուտակած 36 միլիարդ դրամը ինչ է արվում, ինչ ոլորտներում է օգտագործվում, ինչ շահութաբերությամբ ներդրումներ են կատարվել. «Դա ընթացքում ստուգո՞ւմ ենք, թե վերջում պարզվելու է, որ վատ ենք կառավարել: Մենք հետաձգմանը կողմ ենք՝ հույս ունենալով, որ վեցերորդ գումարման ազգային ժողովը այս ռեֆորմը վերանայելու է, այլ տարբերակ չկա»: