Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համագումարը Թուրքիայի պետական մարմինների հետ այլևս չի գործակցի (տեսանյութ)

Քաղաքականություն
Aragac-nkarrr

«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպությունը ստեղծել է Ազգային փոքրամասնությունների դաշինք։ Միաժամանակ կառույցը դադարեցնում է Թուրքիայի պետական մարմինների հետ համագործակցությունը։ Այսօր այդ մասին հայտարարեց կազմակերպության անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը.  «Մենք խորհրդի նիստ ենք անցկացրել և որոշել ստեղծել այդ դաշինքը։ Այդտեղ ներգրավված են ոչ միայն հայ, այլև քուրդ և այլ ազգի ներկայացուցիչներ»,-նշեց նա։ «Արևմտահայոց ազգային համագումար»-ն այս առիթով նաև հայտարարություն է պատրաստել, որում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով Թուրքիայում բնակվող քուրդ և այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ բռնությունները, ԼՂՀ և ՀՀ սահմաններին ադրբեջանական բանակի զորամասերի կողմից սանձազերծվող հարձակումները, որոնք ուղեկցվում են խաղաղ հայ բնակչության վրա հարձակումներով, որոշել ենք ստեղծել Ազգային փոքրամասնությունների դաշինք»։ Դաշինքը զբաղվելու է այն բոլոր խնդիրներով, որ ծառացած են ազգային փոքրամասնությունների առջև։ Կարևոր տեղ է տրվելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների ժառանգներին ունեցվածքի վերադարձման հարցերին։ «Պատրաստել ենք իրավական փաստաթուղթ, որտեղ բաժանում ենք արել ենք երկու մասի. Մասնավոր և հանրային ունեցվածք։ Առայժմ խոսում ենք հանրային ունեցվածքից, որից հետո կանցնենք մասնավորին։ Թուրքիայում կան առողջ մտավորականներ, որոնք մեր կողքին կանգնած են»,-շեշտեց պարոն Ախոյանը։ «Թերևս, առաջին անգամ հայ իրականության մեջ ձևավորվել է այդպիսի փաստաթուղթ, որի շուրջ աշխատանքները դեռ շարունակվում են»,-իր հերթին նշեց պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը։ Նա ընդգծեց, որ իրենք համագործակցում են նաև այլ կառույցների հետ, որոնք զբաղվում են իրավական դաշտում պահանջատիրության հարցերով։ Արագած Ախոյանը խոսեց նաև այժմ Թուրքիայում բնակվող հայության խնդիրների մասին. «Այդ անդունդն այնքան խորն են փորել պոլսահայության և դավանափոխ հայության միջև, որ ստացվում է, որ նրանք դե ֆակտո գոյություն ունեն, դե յուրե՝ ոչ»,-ասաց նա։