«Անալիտիկ»-ի տնօրենը բողոքարկում է կալանավորման որոշումը
«analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանավորման գործով այսօր Վերաքննիչ բողոք կներկայացվի: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Հայկ Սարգսյանը, իրենք կալանքի որոշումը համարում են ապօրինի: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ աշխատակից Վարդիթեր Գիշյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Վարդիթեր Գիշյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը եւս անհիմն էր համարել կալանավորման որոշումը՝ նշելով, որ չկա որեւէ հիմնավոր կասկած, որ նա կապ է ունեցել դեպքի հետ: