Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակային համակարգի հետաձգումը` նախընտրական hնա՞րք (տեսանյութ)

Քաղաքականություն
c0d6b47ed3fa225886dd667df57f2bf1

Կառավարության հրավիրած արտահերթ նիստին օրակարգով առաջին հարցը քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Նշենք, որ համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ 2017թ.:  Նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատճառաբանեց, որ հետաձգումը պայմանավորված է «Հարկային» նոր օրենսգրքի ընդունմամբ, որի ժամանակ պետք է տեղի ունենան մի շարք համատեղումներ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք այս նախագիծը պայմանավորվա՞ծ է 2017թ. նախընտրական տարվա հետ: Նախարարը վստահեցրեց, որ բոլորովին կապ չունի. «Իսկ Հարկային օրենսդրության փոփոխությունները ենթադրում են նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրում, իսկ դա բավականին աշխատատար է: 2017թ. հունվարից Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի եւ դրա հետ մեկտեղ դեպոզիտարիայի աշխատանքը եւս պետք սինխրոնիզացվի, որ համակարգը կարողանա լիարժեք աշխատել»: Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախարարն ընդհանուր բնույթի պատասխան տվեց. «Հարկային օրենսգիրքը ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ այն ժամանակ շտապ ընդունեցիք կուտակային այս համակարգը, այն ժամանակ հարկայինի հետ կապված խնդիր չկար կարծես թե: Նաեւ խտրական վերաբերմունք կա պետականի ու մասնավորի միջեւ: Ես կողմնակից եմ, որ բոլորից չպահվի կուտակային գումարներ, սակայն անարդար վերաբերմունք է: Հիմա ինձնից պահված գումարները ո՞ւր են, ես նամակներով պետք է ծանուցվեի, իսկ ես որեւէ նամակ դեռ չեմ ստացել»: Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս տարվա մարտ ամսվա տվյալներով ունենք պարտադիր համակարգի 143 580 մասնակից, որից 64788-ը պետական աշխատողներ, 78792-ը՝ մասնավոր, ֆոնդերում կուտակվել է 36 մլրդ դրամից ավելի գումար, այդ թվում նաեւ՝ պետական մասնակցության գումարները: Իսկ թե ինչու ծանուցում չեք ստանում, ես կճշտեմ մասնավոր ֆոնդային ընկերություններից ու ԿԲ-ից ու ձեզ կտեղեկացնեն: Կա նաեւ էլեկտրոնային տարբերակը, որի միջոցով կարող եք դիտարկել ձեր հաշիվները»: